Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն ավելացնում է ռազմական ծախսերը՝ «ընդդեմ ռուսական ագրեսիայի»


ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը ելույթ է ունենում Վաշինգտոնի Տնտեսական ակումբում, 2-ը փետրվարի, 2016թ.

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը ելույթ է ունենում Վաշինգտոնի Տնտեսական ակումբում, 2-ը փետրվարի, 2016թ.

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման նախատեսում է զգալիորեն ընդլայնել երկրի ռազմական ներկայությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ՆԱՏՕ-ի անդամ երկրներում՝ քառապատկելով այդ նպատակին ուղղված բյուջետային միջոցները:

Նախաձեռնության նպատակը «տարածաշրջանում ռուսական ագրեսիայի առավելագույնս զսպումն է»: Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը: Սպիտակ տունը ծրագրում է 2017 թվականին լրացուցիչ ռազմական սարքավորումների համար վճարել ավելի քան 3 միլիարդ 400 միլիոն դոլար: Ընթացիկ տարվա բյուջեով ռազմական ծախսերին հատկացվել է 789 միլիոն դոլար: Նախատեսվում է, որ անհրաժեշտության դեպքում նոր սարքավորումները կօգտագործեն ամերիկյան և ՆԱՏՕ-ի ուժերը:

«Մենք ուժեղացնում ենք մեր դիրքերը Եվրոպայում՝ սատարելով ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին՝ ընդդեմ ռուսական ագրեսիայի: Մենք ամրապնդում ենք դիրքերը՝ ընդդեմ ռուսական ագրեսիայի», - ասել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարն ու հավելել՝ նախընթաց 25 տարիներին այդ մասին չեն մտածել, իսկ հիմա արդեն որոշել են դիմել նման քայլի: «Այսօրվա անվտանգության միջավայրը դրամատիկ կերպով տարբերվում է 25 տարի առաջ եղածից, և դա պահանջում է նոր մտածելակերպ ու նոր գործելաոճ»,- հայտարարել է Քարթերը: Ըստ նրա, Միացյալ Նահանգների զինուժն առաջիկա տարիներին կդրսևորի մի վարքագիծ, որը կտարբերվի նախորդ տարիներին Աֆղանստանում և Իրաքում դրսևորված վարքագծից:

Պենտագոնի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով պատասխանատու Էվելին Ֆարկասը, ով պաշտոնավարել է մինչ անցած հոկտեմբեր ամիսը, ըստ The New York Times-ի, ասել է, որ հիշյալ նախաձեռնությունը կյանքի կոչելու պարագայում առավել կսերտանան հարաբերությունները Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ: The New York Times-ի փոխանցմամբ, նա նաև նշել է, որ հավելյալ ռազմական սարքավորումներն անհրաժեշտ է տեղակայել Ռումինիայում, Հունգարիայում և Բալթյան երկներում:

Միացյալ Նահանգներն, ըստ փորձագետների, ստիպված է այս քայլին դիմել վերը նշված երկրներում իրավիճակի հավելյալ բարդացումներ թույլ չտալու համար: Նախաձեռնության կենսագործման դեպքում, արևմտյան լրատվամիջոցների գնահատումներով, կստեղծվի մի նոր կացություն, որում ռուսական կողմը կարող է դժվարություններ ունենալ: Փորձագետները նաև հետաքրքրությամբ սպասում են Օբամայի այս նոր նախաձեռնությանը արևմտյան պատժամիջոցների տակ կքած Ռուսաստանի արձագանքին:

ԱՄՆ պաշտպանական գերատեսչության աղբյուրները հաղորդում են, որ Օբաման մտադիր է նաև 35 տոկոսով ավելացնել «Իսլամական պետության» դեմ պայքարին ուղղված բյուջետային հատկացումները:

XS
SM
MD
LG