Մատչելիության հղումներ

Մարգվելաշվիլին առաջին անգամ կառավարության անդամների ներկայությամբ հանդես եկավ ամենամյա ուղերձով


Վրաստանի նախագահը խորհրդարանում ելույթ է ունենում իր ամենամյա ուղերձով: Քութաիսի, 3-ը փետրվարի, 2016 թ․

Վրաստանի նախագահը խորհրդարանում ելույթ է ունենում իր ամենամյա ուղերձով: Քութաիսի, 3-ը փետրվարի, 2016 թ․

2014-ին և 2015-ին Վրաստանի կառավարության անդամները` նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ, հարկ չէին համարում ներկա գտնվել նախագահի ամենամյա ուղերձների ընթերցմանը:

«2015 թվականը Վրաստանի համար բարդ տարի էր, 2016 թվականը ևս դյուրին չի լինելու»․ սա էր Վրաստանի նախագահի այսօր Քութաիսիում` խորհրդարանի լիագումար նիստում հնչեցրած ուղերձի գլխավոր գաղափարներից մեկը:

«Այսօր մեր տարածքի մեկ հինգերորդը օկուպացված է, բնակչության մեկ հինգերորդն արտագաղթել է, գործազրկության ցուցանիշը բավական բարձր է, մանր ու միջին բիզնեսը տնտեսության ընդամենը 20 տոկոսն են կազմում: Դոլարի ամրապնդումը և նավթի գնի պատմական նվազագույն ցուցանիշին հասնելը, ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին այդ երկու պետությունների տնտեսությունների ճգնաժամը, ռուս-թուրքական հակամարտության հետևանքները․ սրանք են այն բոլոր գլոբալ ու տարածաշրջանային խնդիրները, որոնք ստիպված է հաղթահարել վրացական տնտեսությունը», - հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին` նշելով, որ հետագա տարիներին ևս Վրաստանի տնտեսական զարգացման հիմքը լինելու է երկրի աշխարհագրական դիրքը:

«Վրաստանն այնպիսի առանձնահատուկ դիրքում է գտնվում, այնպիսի պատմական գործառույթ է կատարում, որը մեր երկրին իրապես հատուկ դերակատարություն է հաղորդում: Վրաստանը պետք է օգտագործի իր աճող ներուժը: Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղին, Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթատարը, Բաքու - Թբիլիսի - Էրզրում գազամուղը․ այս ամենն այդ ներուժի կարևորագույն դրսևորումներն են: Սրան է գումարվում ևս մեկ կարևոր գործոն` Իրանի ներուժի հասանելիությունը: Վրաստանը այս համատեքստում նոր դեր կարող է ստանձնել` օգտվելով Իրանի և Պարսից ծոցի ընձեռած տնտեսական հնարավորություններից»:

Վրաստանի նախագահը չշրջանցեց նաև Ռուսաստանի հետ տնտեսական կապերի զարգացման հեռանկարը․ - «Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը շատ կարևոր է: Մյուս կողմից, սակայն, այն կարող է օգտագործվել [Մոսկվայի կողմից] այսպես կոչված «մեղմ ուժի» քաղաքականության շրջանակներում: Դա նախևառաջ վերաբերում է «Գազպրոմ»-ի հետ համագործակցությանը: Մենք չպետք է մոռանանք, որ Ռուսաստանը ցանկանում է տնտեսական լծակներն օգտագործել քաղաքական նպատակներով: Այդ իսկ պատճառով ես պնդում եմ` «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները չպետք է գաղտնի ընթանան և պետք է ծավալվեն բացառապես հստակորեն սահմանված «կարմիր գծերի» շրջանակում»:

Վրաստանի նախագահի՝ թվով երրորդ տարեկան ուղերձը նախորդներից առանձնանում էր: 2014-ին և 15-ին Վրաստանի կառավարության անդամները` նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ, հարկ չէին համարում ներկա գտնվել նախագահի ամենամյա ուղերձների ընթերցմանը: Պատճառը Մարգվելաշվիլիի և «Վրացական երազանք» դաշինքի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի միջև ծագած կոֆլիկտն էր: Բայց անցած տարեվերջին վարչապետի պաշտոնը ստանձնած Գիորգի Կվիրիկաշվիլին կարծես որոշել է խախտել ավանդույթը: Վարչապետը՝ կառավարության ողջ կազմի ուղեկցությամբ, այսօր մեկնել էր Քութաիսի` նախագահի ուղերձը լսելու նպատակով:

«Կառավարության և նախագահի հարաբերությունները այլևս չպետք է դառնան երկրի քաղաքական օրակարգի առանցքային թեման», - օրեր առաջ հայտարարել էր Վրաստանի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG