Մատչելիության հղումներ

ԱՆ-ում քննարկվել է «Զիկա» տենդի ներթափանցման հնարավորությունը


Առողջապահության նախարար Արմեն Մուրադյան, արխիվ
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյան, արխիվ

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն առաջատար և գլխավոր համաճարակաբանների, վարակաբանների, իմունոլոգների հետ այսօր քննարկել է աշխարհում և հանրապետությունում վարակների հետ կապված մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և առաջիկա անելիքները։

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ներկայացվել է, որ դեռևս 2015 թվականի սեպտեմբերին հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքների բժիշկներն Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետի մասնակցությամբ հատուկ վերապատրաստվել են գրիպի ու դրա բարդությունների բուժման ուղղությամբ։

«Դեկտեմբերի 30-ին ձևավորված արագ արձագանքման աշխատանքային խմբի կողմից ձեռնարկված կանխարգելիչ, կազմակերպական և բուժական աշխատանքների արդյունքում բարձրացվել է բնակչության զգոնությունը», - ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունը նշում է, որ Արմեն Մուրադյանը գիտնական-մասնագետների հետ քննարկել է ինչպես գրիպի, մասնավորապես` H1N1-ի բուժման արդյունավետությանն, այնպես էլ` աշխարհի մի շարք երկրներում արձանագրված «Զիկա» տենդի և այլ վարակների ներթափանցման հնարավորությունները։

Մասնագետները նշել են, որ զիկա տենդը փոխանցող «Aedes aegypti» ցեղի մոծակներ Հայաստանում չեն հայտնաբերվել։ Սակայն Կենտրոնական կամ Հարավային Ամերիկա մեկնողներին անհրաժեշտ է իրազեկել։ Չեն բացառվում ներկրվող դեպքերը։

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում տենդի հետ կապված ուղեցույցների պատրաստման ուղղությամբ:

«Գրիպի և սուր շնչառական վարակների կանխարգելման և բուժական ծառայություններն, անկախ ունեցած ներուժից, իրենց պարտականությունները կատարում են մասնագիտական և մարդկային բարձր պատասխանատվությամբ։ Ամփոփելով անցած ճանապարհը` մենք պետք է հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկենք նոր մարտահրավերները հաղթահարելու համար», - ասել է Մուրադյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG