Մատչելիության հղումներ

Պորոշենկո․ Ռուսաստանի հետ բաց պատերազմի վտանգը մեծացել է


Գերմանիայի կանցլերի և Ուկրաինայի նախագահի համատեղ ասուլիսը Բեռլինում, 1-ը փետրվարի, 2016թ․

Գերմանիայի կանցլերի և Ուկրաինայի նախագահի համատեղ ասուլիսը Բեռլինում, 1-ը փետրվարի, 2016թ․

«Խոսքը եվրոպական անվտանգության մասին է», - ասել է Ուկրաինայի նախագահը գերմանական պարբերականին:

Ռուսաստանի հետ բաց պատերազմի վտանգը մեծացել է, հայտարարում է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն՝ պնդելով, որ ռուսաստանցի զինվորների թիվը իր երկրի տարածքում հասել է 8 հազարի:

«Սահմաններին կառուցվում են նոր ռազմակայաններ, մշտապես զորավարժություններ են անցկացնում», - գերմանական Bild պարբերականի հետ զրույցում ասել է Պորոշենկոն:

Պաշտոնական Կիևի պնդում է նաև, որ Մինսկի համաձայնագիրը չի ցանկանում իրականացնել հենց Կրեմլը: «Ռուսաստանը այդ համաձայնագրի կետերից անգամ մեկը չի իրականացրել»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Փետրվարի 1-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին հանդիպելու նպատակով Բեռլին ժամանած Ուկրաինայի նախագահը Bild-ի հետ զրույցում խոստովանել է, որ չնայած Կիևը ուկրաինական հակամարտության դիվանագիտական ճանապարհով կարգավորման կողմնակից է, սակայն չի պատրաստվում հրաժարվել Գերմանիայի ռազմական օգնությունից: «Խոսքը եվրոպական անվտանգության մասին է: Ռուսաստանը մեծ ներդրումներ է անում պատերազմի նախապատրաստման համար», - հիմնավորել է Պորոշենկոն:

Bild-ի թղթակիցը Ուկրաինայի նախագահին հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ավելի վաղ հնչեցրած խոսքերն այն մասին, որ իր համար սահմանները կարևոր չեն, ինչին Պորոշենկոն արձագանքել է․ - «Մենք Ուկրաինայում լավ գիտենք, որ նա սահմաններ չի ճանաչում, և ես կարծում եմ՝ նրա այդ խոսքերն ավելի շատ ուղղված են Եվրոպային: Դա կարող է պատահել յուրաքանչյուրի հետ: Ռուսալեզու փոքրամասնության նկատմամբ աննշան խտրականության պատրվակով նա կարող է բռնակցել նաև այլ երկրներ: Դուք էլ Գերմանիայում ռուսալեզու փոքրամասնություն ունեք»:

Նա պատմել է, որ Ուկրաինան սեփական մաշկի վրա է զգացել, թե ինչ ասել է ցնցող քարոզչություն, երբ ռուսական հեռուստատեսությունը սուտը կրկնում է այնքան ժամանակ, մինչև մարդիկ հավատան: «Այժմ Պուտինը տեղեկատվական պատերազմ է սկսել Գերմանիայի դեմ», - հայտարարել է Ուկրաինայի ղեկավարը՝ անդրադառնալով Լիզա անունով աղջկա պատմությանը, որն իբր միգրանտների կողմից բռնաբարվել է, սակայն հետո Լիզան ինքն է խոստովանել, որ ստել է:

2014 թվականի ապրիլից սկիզբ առած ուկրաինական հակամարտությունը խլել է ավելի քան 9 հազար 100 մարդու կյանք: Անցած գիշեր Ուկրաինայի արևելքում իրավիճակը կրկին սրվել է. կողմերը իրար մեղադրում են ականանետերից և նռնականետերից կրակահերթեր բացելու մեջ:

Տարածաշրջանում մի քանի ամիս ձգված հարաբերական անդորրը խախտվեց քաղաքական մի շարք իրադարձությունների ֆոնին:

Պորոշենկոյի հետ հանդիպումից հետո, հիշեցնենք, Մերկելը հայտարարեց, թե չի պատրաստվում չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի դեռ Մինսկի համաձայնությունները միայն թղթի վրա են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG