Մատչելիության հղումներ

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ իրավապահներն առնվազն պետք է հարուցեին քրեական գործ և տվյալ անձին որպես մեղադրյալ ներգրավեին։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գնահատմամբ՝ ռուս զինծառայող Սերգեյ Սուդնիկովի արարքն առնվազն խուլիգանություն է, իսկ իրավապահ մարմինները, ըստ ընդդիմադիր պատգամավորի, անտեսելով այս փաստը՝ ցուցաբերել են անգործություն։

«Ես կարծում եմ, որ մեր իրավապահները անգործության են մատնել այս հանգամանքը և գնահատական չեն տվել, որովհետև միանշանակ է, որ տեղի է ունեցել խուլիգանություն, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքով արգելված արարք է տեղի ունեցել, և հետևաբար առնվազն պետք է հարուցեին քրեական գործ և տվյալ անձին մեղադրյալ որպես ներգրավեին և նոր անցկացնեին քննություն, մինչդեռ մենք հասկանում ենք, որ այդ պարտականությունները, պարտավորությունները Հայաստանի Հանրապետության իշխանությունները՝ ի դեմս իրավապահ մարմինների, չեն իրականացրել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փոստանջյանը։

Հիշեցնենք, Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Սերգեյ Սուդնիկովը հունվարի 31-ի կեսգիշերին ոչ սթափ վիճակում փորձել է ներխուժել Երանոսյանների բնակարան։ Ոստիկանությունը հարցաքննել է ռուս զինծառայողին ու ազատ արձակել՝ պարզաբանելով, որ «հաստատված չէ նրա կողմից հանցագործություն իրականացնելու մտադրությունը»: Դեպքից երեք օր անց դեռ ձերբակալված չկա, քրեական գործ ևս հարուցված չէ:

Պատգամավորը զուգահեռներ անցկացրեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գևորգ Սաֆարյանի ձերբակալության, այնուհետև կալանավորման հետ՝ նշելով, որ Սաֆարյանի պարագայում, երբ քաղաքացին որևիցե իրավախախտում չէր կատարել, հարուցեցին քրեական գործ, նրան որպես մեղադրյալ ներգրավեցին ու կալանավորեցին։ «Այստեղ ակնհայտ է, որ մի դեպքում [Սաֆարյանի դեպքում] իշխանությունը գործում է պատվերի ներքո՝ կատարում է ապօրինություն։ Այս դեպքում նույնպես, գործելով պատվերի ներքո, հովանավորելով տվյալ անձին, գործ չի հարուցում և որպես մեղադրյալ չի ներգրավում», - ասաց Փոստանջյանը։

Հարցին՝ եթե Գևորգ Սաֆարյանի դեպքում քաղաքական պատվեր էր, ապա ո՞ւմ պատվերն է իրականացվում ռուս զինծառայողի պարագայում, Փոստանջյանը պատասխանեց. - «Նույնպես քաղաքական պատվեր է գործում, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ինչպես Պերմյակովի գործով թույլ տվեցին բազմաթիվ խախտումներ, այսինքն՝ իրենց պարտականությունները պատշաճ չիրականացրեցին, որ Պերմյակովին իրենք չձերբակալեցին, այլ ռուսական իրավապահ մարմինները ձերբակալեցին և ապօրինի տեղափոխեցին ռուսական ռազմաբազա, այստեղ էլ, փաստորեն, նորից այդպիսի մոտեցումն է գործում»։

Ավետիսյանների ընտանիքի սպանդը որպես օրինակ ունենալով, այսօր ռուսական ռազմակայանի հարևանությամբ ապրող գյումրեցիներից շատերին է մտահոգում իրենց անվտանգության հարցը: Բազմաթիվ գյումրեցիներ «Ազատության»-ն ասել էին՝ բացառված չէ, որ մի օր էլ ռուս զինծառայողն իրենց դուռը թակի:

Հարցին, թե ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկվեն՝ օրենսդրական, իրավական, այս իրավիճակը փոխելու համար, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. - «Այս պահի դրությամբ, ես կարծում եմ, որ իրավական կարգավորում կա, և եթե ցանկություն կա, քաղաքական կամք կա, ապա իրավական կարգավորումը հետևյալը պետք է լինի՝ պարտադիր այս դեպքով պետք է հարուցվի քրեական գործ, առնվազն տվյալ անձը պետք է ներգրավվի որպես մեղադրյալ, հետագայում նաև, եթե ապացուցվի նրա մեղքը տվյալ հանցակազմով, նա պետք է դատապարտվի»։

XS
SM
MD
LG