Մատչելիության հղումներ

Այս օրերին Արմավիրի դպրոցներում դասերը սկսվում են սովորականից ավելի ուշ ու ավարտվում ավելի շուտ:

Թեպետ Կրթության և գիտության նախարարությունից պնդում են, որ գրիպի պատճառով շուրջ մեկ ամիս դադարեցված դասերը երեկվանից վերսկսվել են և գրեթե բոլոր դպրոցները ջեռուցվում են, Արմավիրի մարզում 10 դպրոցներ դեռ փակ են: Տնօրինությունը, ըստ մարզպետարանի, չի կարողացել անհրաժեշտ 18 աստիճան ջերմությունը ապահովել:

Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Նաիրա Սարգսյանն «Ազատությանը» փոխանցեց՝ դպրոցները չեն աշխատում մարզպետի որոշմամբ․ - «10 դպրոցներ չեն աշխատելու այս շաբաթ ևս․ մարզպետի որոշմամբ փակ կլինեն, գարնանային արձակուրդների հնարավորություն ունենք այս դպրոցներում՝ այդ արձակուրդների հաշվին և ժամեր ավելացնելու հաշվին ուս. պլանը կկատարվի»:

Այս օրերին Արմավիրի դպրոցներում դասերը սկսվում են սովորականից ավելի ուշ ու ավարտվում ավելի շուտ:

Թուրքիային սահմանակից Ջանֆիդա գյուղի միակ դպրոցը նավթով է ջեռուցվում: Մեր այցելության պահին դասերն արդեն ավարտվել էին, բայց դպրոցում մաթեմատիկայի օլիմպիադա էր: Նավթի վառարանով տաքացվող դասասենյակում 24 աստիճան էր ջերմությունը, սակայն աշակերտներից ոմանք օլիմպիադային մասնակցում էին վերարկուներով:

Շուրջ 35 տարվա այս դպրոցը երբևէ չի հիմնանորոգվել: Տնօրեն Հակոբ Սրեյանն ասում է՝ դասերի ընթացքում միջանցքներն էլեկտրական սալիկներով են տաքացնում, առանց դրանց ջերմաստիճանը 16-ից չի բարձրանում:

Կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանն այսօր ահազանգ է ստացել, թե Արթիկի թիվ 4 դպրոցում սաստիկ ցուրտ է՝ 6 աստիճան, բայց դասերը չեն դադարեցվել:

Առողջապահության նախարարությունից տեղեկացանք, որ երեկվա դրությամբ հանրապետության բոլոր կրթական հաստատություններից շուրջ 1088 սովորողներ հետ են ուղարկվել իրենց տեղամասային պոլիկլինիկա, որովհետև բուժաշխատողները նրանց մոտ հարբուխի նշաններ են նկատել:

XS
SM
MD
LG