Մատչելիության հղումներ

logo-print

«Պուտին» ֆիլմը նկարահանող KnightsBridge Entertainment ընկերության ղեկավարներից մեկը Վալերի Սահարյանն է:

Չի բացառվում, որ արդեն առաջիկա ամիսներին աշխարհահռչակ կինոդերասան Լեոնարդո դի Կապրիոն խաղա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը: Այս մասին միանգամից երկու աղբյուրներից ստացած տեղեկատվության վրա հիմնվելով երեկ հաղորդեց ռուսական "Дождь" հեռուստաընկերությունը` նշելով, որ «Պուտին» անվանումը կրող ֆիլմի նկարահանումներով զբաղվելու է Մեծ Բրիտանիայում գրանցված, Միացյալ Նահանգներում, Ասիայում և Եվրոպայում ներկայացուցչություններ ունեցող KnightsBridge Entertainment ընկերությունը:

"Дождь"-ին` դի Կապրիոյի ֆիլմին հնարավոր մասնակցության մասին հայտնել է KnightsBridge Entertainment-ի ղեկավարներից մեկը` մոսկվաբնակ պրոդյուսեր Վալերի Սահարյանը:

«Պուտինի մասին պատմող ֆիլմի նախապատրաստական աշխատանքներն ընթանում էին շուրջ մեկ տարի, այժմ ավարտին է հասցվում կինոնկարի սցենարի վերջնական տարբերակը, որից հետո էլ` առաջիկա գարնանն արդեն կմեկնարկեն նկարահանումները», - նշել է Սահարյանը՝ ասելով, թե դի Կապրիոյից բացի կինոնկարում մի քանի հոլիվուդյան աստղեր ևս նկարահանվելու են:

Սահարյանի խոսքով, Ռուսաստանի նախագահի մասին պատմող գեղարվեստական ֆիլմն էկրաններին կհայտնվի 2017 թվականի գարնանը:

«Հայկական հետք» Պուտինի մասին պատմող ֆիլմում

Հայ հանրության համար, սակայն, այս ողջ պատմության մեջ առավել ուշագրավ է ֆիլմի պրոդյուսերներից մեկի` Վալերի Սահարյանի անձը: Հայաստանցիներին Սահարյանը հայտնի դարձավ դեռ 2010 թվականին՝ որպես երգչուհի Եվա Ռիվասի պրոդյուսեր: Նա նաև Մոսկվայում` Կրեմլի Համագումարների պալատում անցկացվող «Տաշիր» և «Արմենիա» ամենամյա մրցանակաբաշխությունների կազմակերպիչն է:

Դատելով սոցիալական ցանցերում Սահարյանի կատարած գրառումներից, Պուտինի մասին պատմող հոլիվուդյան ֆիլմի նկարահանման նախաձեռնողներից մեկը նաև Ռուսաստանի նախագահի մոլի կողմնակից է:

2015-ի հոկտեմբերին Սահարյանը Փարիզ կատարած այցելության ժամանակ Ֆեյսբուքում գրել էր. - «Այսօր ֆրանսիացի տաքսիստը, հիացմունքով պատմելով Պուտինի մասին, ասում է, որ իր ողջ շրջապատը Պուտինի պես նախագահի կարիք է զգում»:

Դեկտեմբերի վերջին արված մեկ այլ ֆեյսբուքյան գրառման մեջ էլ հայազգի պրոդյուսերը կոչ էր անում իշխանություններին՝ ընդդիմադիր քաղաքական գործիչներին զրկել Ռուսաստանի քաղաքացիությունից:

Ի դեպ, հայկական ներկայությունը Պուտինի մասին պատմող ֆիլմի նկարահանմամբ զբաղվող KnightsBridge Entertainment-ում զգալի է նաև առանց Սահարյանի. IMDB կայքի տվյալներով, 2014 թվականից ի վեր ընկերության կողմից նկարահանված 14 ֆիլմերից 10-ի պրոդյուսերների թվում է նաև բազմաթիվ քրեական արարքների, այդ թվում՝ Ռուսաստանի մայրաքաղաքում սպանություն պատվիրելու և թմրամիջոցների վաճառքի մեջ կասկածվող Ստեփան Մարտիրոսյանը:

Դեռ երկու տարի առաջ` 2014-ի հունվարին, ամերիկյան LA Weekly պարբերականը ծավալուն հետաքննական հոդված էր հրապարակել Մարտիրոսյանի մասին`պնդելով, որ նա սերտ կապեր ունի Հայաստանի իշխանությունների հետ: «2006-ին Մարտիրոսյանը պայմանագիր էր ստորագրել Burson-Marsteller PR ընկերության հետ` Սերժ Սարգսյանի իմիջն արտերկրում բարելավելու նպատակով», - երկու տարի առաջ գրում էր ամերիկյան պարբերականը:

XS
SM
MD
LG