Մատչելիության հղումներ

logo-print

Գերմանիայում 13-ամյա աղջկա «բռնաբարության» պատմությունը՝ ռուսական քարոզչության գործիք


Ռուսական ԶԼՄ-ները «խեղճ Լիզայի» հարցը դարձրել են քննարկումների կենտրոնական թեմա։

Ռուսական ԶԼՄ-ները «խեղճ Լիզայի» հարցը դարձրել են քննարկումների կենտրոնական թեմա։

Ռուսական լրատվամիջոցները և հատկապես հեռուստատեսությունը ռուսներին համոզում են, թե աշխարհքաղաքական մրցակիցներն ուր որ է կպարտվեն։

Ահա այդ պրոպագանդայի բանաձևը. «Արևմուտքը ուր որ է կքայքայվի, Ամերիկայի վերջն եկել է, դոլարը կտապալվի, Եվրոպայի հոգեվարքն է, միգրանտները կոչնչացնեն Հին մայրցամաքը, բոլորը ուզում են հանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, միայն ստոր Վաշինգտոնն ու Բեռլինն են դեմ»:

Այս թեզերն ապացուցելու վերջին օրերին ռուսական քարոզչամեքենան ամենայն ջանասիրությամբ լծվել էր Լիզա անունով աղջկա տխուր պատմությունը թանձրացված գույներով ներկայացնելու գործին: Դժվարությամբ զսպելով չարախնդությունը` ռուս լրագրողները մանրամասները ծամծմելով պատմել են, թե ինչպես են չար միգրանտները՝ ենթադրաբար արաբներ, առևանգել դեռահասին և դաժանաբար բռնաբարել` 30 ժամ շարունակ։

Մինչդեռ, գերմանացիներն իրենց հատուկ կարգապահությամբ և բծախնդրությամբ հետաքննել են Լիզայի ազգականների բարձրաձայնած բողոքները, և պարզել, որ Լիզան ինչ-ինչ խնդիրներ է ունեցել ընտանիքում։ Հունվարի 11-ին և 12-ին նա թաքնվել է ծագումով թուրք 19-ամյա ընկերոջ բնակարանում, 30 ժամ բացակայելուց հետո եկել է տուն և ասել է, թե միգրանտների կողմից բռնաբարվել է։

Բեռլինի դատախազության խոսնակ Մարտին Շտելները հայտնել է, որ համաձայն պատկան ծառայությունների անցկացրած հետազոտությունների՝ «անհետանալու ընթացքում դեռահասը սեռական շփումներ չի ունեցել»։

Լիզան վերջին ժամանակաշրջանում կամավոր կենակցել է երկու երիտասարդների հետ: Երիտասարդներին կպատժեն, քանի որ Լիզան դեռահաս է, բայց դա միանգամայն այլ պատմություն է, որն աղերս չունի կանանց վրա միգրանտների հարձակումների հետ։ Դրանք Գերմանիայում իսկապես տեղի են ունեցել, սակայն Լիզայի հետ նման բան չի պատահել։

Երեկ Լիզայի մայրը հայտնել է, որ այդ պատմությունը շատ է ընկճել իր դստերը, և իրենք ստիպված նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա գտնվում է հոգեբույժի հսկողության տակ:

Բեռլինի ռուսները պահանջում են... Մերկելի հրաժարականը

Եվ այնուամենայնիվ Գերմանիայում բնակվող ռուսները, այդ պատմությունից վրդովված, բողոքի ցույցեր են անցկացրել, իսկ ռուսական ԶԼՄ-ները դրանք լուսաբանել են։

Մոտ 700 ցուցարարներ հավաքվել են կանցլերի գրասենյակի մոտ, վանկարկել են «Մերկել, հեռացիր, Մերկել հեռացիր»: Նրանց ձեռքերում եղել են «Մեր երեխաները վտանգի մեջ են», «Այսօր իմ երեխան, վաղը` քոնը» գրությամբ պաստառներ։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, երբ դեռևս չէր պարզվել, որ Լիզայի պատմությունը հորինված է, պահանջել է գերմանացիներից հետաքննել խնդիրը և փաստերը չթաքցնել։

Բեռլինյան ցույցը համաձայնեցվել է Մոսկվայում

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նույնիսկ ստիպված էր ռուսներին կոչ անել զերծ մնալ հարցը քաղաքականացնելուց։

«Ես զարմացած եմ, ոչ մի կերպ չի կարելի արդարացնել 13-ամյա աղջկա հետ պատահած միջադեպը քաղաքական պրոպագանդայի գործիք դարձնելու փորձը և միջամտել Գերմանիայի ներքին գործերին, միգրանտների թեմայով մեր առանց այն էլ բարդ քննարկումներին», - ասել է Շտայնմայերը։

Deutsche Welle ռադիոկայանը պարզել է, որ բեռլինաբնակ ռուսների ցույցը կազմակերպելու համար Մոսկվա էր մեկնել «Խորհրդային գերմանացիների միջազգային միություն» ՀԿ-ի նախագահ Գենրիխ Գրոուտը։

Դրդապատճառն Ուկրաինայի հակամարտությունն է

Ի՞նչն է ռուսներին դրդում մի կողմ թողնել իրենց բազմաթիվ հիմնախնդիրները և ուշադրության կենտրոնում պահել «Լիզայի հարցը»։ Ահա մի բացատրություն, որը հրապարակել է Reuters լրատվական գործակալությունը։

Եվրոպայում առավել հզոր երկիրը Գերմանիան է։ Կանցլեր Անգելա Մերկելը հետևողականորեն քննադատում է Վլադիմիր Պուտինին և արդեն հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով սահմանված պատժամիջոցները պետք է երկարաձգել, քանի որ Մոսկվան չի կատարում մինսկյան համաձայնագիրը։

Այդ հստակ պահանջը նա կրկնել է նաև երեկ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ Բեռլինում բանակցելուց հետո։

«Մեկ տարի է անցել Մինսկի համաձայնագրից, դժբախտաբար, առ այսօր չկա կայուն հրադադար», - փաստել է Մերկելը։

Նա այսօր էլ զրուցել է Պուտինի հետ և պնդել, որ Ռուսաստանի ղեկավարը պարտավոր է գործադրել իր ազդեցությունը Դոնբասի անջատականների վրա և երաշխավորել Մինսկի համաձայնագրի կատարումը։

Կրեմլի նպատակը Եվրամիության պառակտումն է

Reuters-ի վերլուծաբաններ Անդրեաս Ռինկեի և Փոլ Քարելի համոզմամբ, Կրեմլում պարզապես երազում են, որ Մերկելի քաղաքականությունը տապալվի, որ կանցլերը թուլանա, քանի որ հենց նա է Եվրոպայում վճռորոշ ձայն ունեցող առաջնորդը։

«Մոսկվան կապեր է հաստատում Եվրոպայի աջակողմյան կուսակցությունների հետ և, շահարկելով միգրանտների ցավոտ թեման, փորձում է պառակտել Եվրամիության ղեկավարներին», - Reuters-ին ասել է մի անանուն բարձրաստիճան եվրոպացի դիվանագետ։

Իսկ Spiegel հանդեսը վկայակոչել է Գերմանիայի ներքին անվտանգության գործակալության ղեկավար Հանս-Գեորգ Մաասենին, ով ասել է, թե «ռուսները հին ԿԳԲ-ական միջոցներով ապատեղեկատվություն են տարածում և ուզում են խարխլել Գերմանիայի կայունութունը»։

«Միգրանտների ճգնաժամը և, մասնավորապես, «Լիզայի հարցը» Մոսկվան օգտագործում է գերմանաբնակ ռուսներին Մերկելի դեմ միավորելու, Գերմանիայում խուճապ առաջացնելու համար», - ասել է «Արտաքին հարաբերությունների գերմանական խորհուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շտեֆան Մայստերը։

«Եթե կանցլերը սայթաքի, ուրեմն կսայթաքի ԵՄ-ն»

Der Spiegel հանդեսը նշում է, որ այս ժամանակաշրջանում Պուտինը փորձում է սիրաշահել գերմանացիներին, հարցազրույցներում հավաստիացնում է, թե Ռուսաստանը ցանկանում է համագործակցել Գերմանիայի հետ և պատրաստ է միջազգային հարցերում փոխզիջումների գնալ։

«Կրեմլյան պրոպագանդայի թիրախը Մերկելն է։ Եթե կանցլերը սայթաքի, ուրեմն կսայթաքի ամբողջ Եվրոպական միությունը: Մոսկվան հարվածում է ԵՄ-ի ամենակայուն պետությանը, բայց Եվրամիությունը չի կարող թույլ տալ որևէ երրորդ կողմի պառակտել միությունը», - ասել է մի բարձրաստիճան գերմանացի քաղաքական գործիչ։

Reuters-ի փոխանցմամբ, դեռ անցյալ տարի Մերկելն ուներ շատ բարձր վարկանիշ, բայց անցյալ շաբաթ անցկացված հարցման արդյունքների համաձայն, գերմանացիների մոտ 40 տոկոսը կողմ է կանցլերի հրաժարականին, և միակ պատճառը միգրանտների հարցում Մերկելի դիրքորոշումն է։

«Մերկելը գիտի, որ Պուտինն ուժեղին հարգում է»

Մերկելը գիտակցում է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է լինել կոշտ ու սառնասիրտ: Նա գիտի, որ նախկին չեկիստ Պուտինը միայն ուժի լեզուն է հասկանում և հարգում է ուժեղին։ Մերկելն էլ Ռուսաստանի ղեկավարի հետ հենց կոշտ դիրքերից է բանակցում։

Ուկրաինայի հարցում կանցլերը մնում է անդրդվելի և համոզված է, որ պատժամիջոցները վերանայել չի կարելի։

«Եթե Մերկելը թուլանա միգրանտների պատճառով, Եվրոպական միությունում այլևս չի գտնվի մեկը, ով կառաջարկի պահպանել պատժամիջոցները։ Դրանք շատ արագ կչեղարկվեն»,- ասել է Շտեֆան Մայստերը։

«Գերմանիան պետք է հստակ ուղերձով բացատրի Ռուսաստանին, որ ո՛չ Ուկրաինայի, ո՛չ Սիրիայի հարցում դիրքորոշումը չի փոխի։ Միայն այդպես ռուսները կհասկանան, որ ընդունելի եղանակը կառուցողական դիվանագիտական համագործակցությունն է», - ասել է Բունդեսթագում Մերկելի առաջնորդած Քրիստոնյա-դեմոկրատների կուսակցության արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Ռոդերիխ Կիզվեթերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG