Մատչելիության հղումներ

«Զարուհի Փոստանջյանը համաձայն է լինել մարդու իրավունքների պաշտպան»


Զարուհի Փոստանջյանը Ազգային ժողովում, արխիվ

Զարուհի Փոստանջյանը Ազգային ժողովում, արխիվ

Զարուհի Փոստանջյանը համաձայն է լինել օմբուդսմեն։ Նրա թեկնածությունն առաջադրելու մտադրություն ունեցող պատգամավոր Էդմոն Մարուքյանը իրենց զրույցից մանրամասներ պատմեց։

«Հասկանում և գիտակցում է, որ պետք է նաև վայր դնի իր կուսակցական պատկանելությունը՝ պարզ է՝ ընտրվելու պարագայում»,- ասաց անկախ պատգամավորը։

Մարուքյանը կարծում է՝ օմբուդսմենի ընտրություններում իշխանության թեկնածուին այլընտրանք է պետք.- «Ցույց տալու, որ կար նաև այսպիսի թեկնածու, բայց դուք ընտրեցիք իշխանության թեկնածուին, չգիտեմ ով է թեկնածուն, այս պահին չի ասվել»։

Խորհրդարանն օմբուդսմենին ընտրում է վեց տարի ժամկետով, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով։ «Ազատության» հետ զրույցում Փոստանջյանը նկատեց՝ ընդդիմությունը պետք է ներկայանա միասնական թեկնածուով։

«Եթե խոսում ենք իրական ընդդիմադիր դաշտի մասին, ապա այն հնարավորություն ունի առաջադրելու միասնական թեկնածու։ Այս մրցակցության մեջ միգուցե ունենանք հաջողություն։ Ամեն դեպքում պետք է միշտ հիշել, գիտակցել, հասկանալ, որ բոլոր մրցույթներում մենք ունենք այլընտրանք»,- շեշտեց Փոստանջյանը։

Հայ ազգային կոնգրեսն ու «Օրինաց երկիրը» օմբուդսմենի թեկնածության հարց չեն քննարկել։ Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց՝ դեմ չէ Փոստանջյանի թեկնածությանը.- «Զարուհի Փոստանջյանին իսկապես հարգում եմ՝ որպես ակտիվ և ուրույն, առանձնահատուկ, իր բնավորության գծերն ունեցող պատգամավոր։ Այդ առումով որևէ բան չունեմ ավելացնելու, բայց մնացած հարցերը ընթացքի մեջ թող դրվեն, և մենք, բնականաբար, կորոշենք՝ ում թեկնածությունն ենք պաշտպանելու։ Եթե Փոստանջյանի թեկնածությունը ներկայացվի Պետաիրավական հանձնաժողովից, իհարկե, կպաշտպանենք»։

«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը չի բացառում, որ ընդդիմությունը համախմբվի, բայց քիչ հավանական է համարում, որ միասնական թեկնածուն Զարուհի Փոստանջյանը լինի։

«Ես շատ հարգում եմ Զարուհի Փոստանջյանի սկզբունքները, բայց նա խիստ սուբյեկտիվ անձնավորություն է, և ես չեմ կարծում, որ օմբուդսմենի դեպքում այս հստակ սուբյեկտիվիզմը կարող է օգտակար լինել»,- ասաց նա։

Զոհրաբյանն այլ անուններ տվեց.- «Օրինակ, Ավետիք Իշխանյան, Վարդան Հարությունյան։ Շատ քիչ մարդիկ կան այսօր, որոնց դեպքում կարելի է խոսել, որ իրենք կարող են իրենց քաղաքական հայացքները զսպել, որովհետև այդ դեպքում դա է պահանջվում, լինել անկողմնակալ։ Այստեղ բացարձակ անկողմնակալ մարդ է պետք»։

Օմբուդսմենի թեկնածուների առաջադրումն օրերի հարց է։ Այսօր ընդունած որոշմամբ՝ Ազգային ժողովն այդ իրավունքը վերապահեց Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի։ Չնայած պատգամավորների վրդովմունքին՝ Հանրապետականը չգնաց զիջման. հանձնաժողովը քննարկումների արդյունքում խորհրդարանին կներկայացնի օմբուդսմենի ընդամենը մեկ թեկնածու։

Հանրապետական Սուքիաս Ավետիսյանն ասում է՝ կուսակցական քննարկումներ չեն անցկացրել, իրենց թեկնածուին չեն որոշել։ Բայց ընդդիմության թեկնածուի շուրջ, կարծում է, չեն համախմբվի.- «Մենք ընդդիմության թեկնածուի շուրջ, չեմ կարծում, որ փորձենք քննարկում անել, մենք կունենանք մեր թեկնածուն, մեր թեկնածուի շուրջ քննարկումները կանենք, և հետո արդեն սահմանված կարգով հանձնաժողովը կներկայացնի Ազգային ժողովի քննարկմանը»։

XS
SM
MD
LG