Մատչելիության հղումներ

Հայաստանյան ընտանիքներում կանանց հանդեպ բռնությունների՝ տարեցտարի ավելացող փաստերը մտահոգել են Human Rights Watch-ին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին:

Նախկին ամուսնու կողմից պարբերաբար բռնությունների ենթարկված Արմենուհին (անունը փոխված է) «Ազատության» հետ զրույցում ցույց էր տալիս դեմքի բազմաթիվ կապտուկներն ու վերքերը, որոնք անգամ կոսմետիկ միջոցներով չէր կարողանում քողարկել: 6 տարվա տառապանքներից հետո Արմենուհին ի վերջո որոշել է փախուստի դիմել, դա համարելով իր փրկության միակ ճանապարհը:

Ժամանակավորապես թաքնվել է բարեգործական կազմակերպություններից մեկի մայրատանը: Այժմ հնգամյա երեխայի հետ ստիպված է նոր կյանք սկսել. արդեն աշխատանք և կացարան ունի, սակայն «ցավոտ անցյալը» դեռ հանգիստ չի տալիս, նախկին ամուսնու սպառնալիքներն էլ չեն դադարում:

«Երբ նրան անհանգստացնում են ալիմենտի վճարման համար, ինքն էլ սկսում ա ինձ անհանգստացնել: Որոշել եմ էդ հարցով էլ իրեն չանհանգստացնել»,- ասում է Արմենուհին:

Հարևանների, բարեկամների ու ծանոթների կարծիքին զոհ գնացող բազմաթիվ կանայք շատ հաճախ չեն ընդվզում իրենց ամուսինների, սկեսրայրերի, անգամ՝ հարազատ հայրերի և եղբայրների կողմից գործադրվող բռնությունների դեմ: Խնդիրը բարձրաձայնում են միայն այն ժամանակ, երբ դանակը ոսկորին է հասնում, և վտանգի տակ է հայտնվում ոչ միայն իրենց, այլև երեխաների կյանքը:

«Ավանդական հայկական ընտանիք ա գյուղում: Աղջիկը բաժանվի՝ հետ գնա, արդեն գիտեք, թե դա ինչ ա: Բանը հասնում է նրան, որ երկու եղբայր երեխայի ներկայությամբ ծեծում են․․․»:

Անգամ պաշտոնական վիճակագրությամբ, ընտանեկան բռնությունների դեպքերը Հայաստանում տարեցտարի ավելանում են: Անցած տարի ոստիկանությունում մոտ 800 նման դեպք է արձանագրվել, ինչը նախորդ տարվա ցուցանիշից 100-ով ավելի է: Սակայն, միայն 150-ի դեպքում է քրեական գործ հարուցվել: Մի դեպքում տուժողն է ետ վերցրել բողոքը, մեկ այլ դեպքում՝ հանցակազմ չի գտնվել:

«Լայթհաուզ» բարեգործական կազմակերպության փոխտնօրեն Նելի Մեսրոպյանի պնդմամբ, անպատժելիության պատճառով ընտանեկան բռնություններն աստիճանաբար ավելի դաժան դրսևորումներ են ստանում: «Դեպք ենք ունեցել, երբ կնոջ մարմնի վրա էլ տեղ չի մնացել, ամբողջությամբ կապտուկներով ծածկված է եղել: Ե՛վ երեխան, և՛ մայրը: Վերջերս Սյունիքի մարզից ահազանգեցին, տեր հայրն ահազանգեց, որ կա մի կին, ով բռնությունների է ենթարկվում ամուսնու կողմից: Ի դեպ, 4 երեխա ունի և հինգերորդով հղի է: Կնոջն անմիջապես ուղղորդեցին մեզ մոտ, ամուսինը կացնով նրա ոտքը վնասել էր, ականջն ամբողջությամբ պատռվածքներով էր, աչքի տակ կապույտ, բայց ասեմ, որ մեկ ամիս անց նա վերադարձավ ամուսնու մոտ: Տեր հայրն ասաց, որ իրենց գյուղում բռնության նման դեպքեր շատ կան ու կանայք սովոր են․․․»,- պատմում է Նելի Մեսրոպյանը:

«Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի ներկայացուցիչ Տաթևիկ Աղաբեկյանի խոսքով, պետությունն այս հարցում աջակցություն չի ցուցաբերում կնոջը: Ասում է, որ ի տարբերություն թրաֆիքինգի զոհերի, ընտանեկան բռնության ենթարկված կանանց համար կառավարությունը որևէ ապաստարան չի հատկացրել:

«Եղած ապաստարաններն էլ, որ ունեն ՀԿ-ները, չեն ստանում ոչ մի աջակցություն: Այսինքն՝ եթե մի տարի մենք դրսից գումար գտնենք՝ ապաստարան պահելու, էդ տարի մենք կունենանք ապաստարան: Հաջորդ տարի գումար չլինի՝ ապաստարան էլ չի լինի: Բայց կանայք, միևնույն է՝ շարունակում են բռնությունների ենթարկվել»,- ասում է Տաթևիկ Աղաբեկյանը:

Ոստիկանություն դիմելն էլ հարցի լուծում չէ: Իրավապահները, որպես կանոն, արձագանքում են միայն այն դեպքերում, երբ առկա են լինում մարմնական լուրջ վնասվածքներ, մինչդեռ սպառնալիքները շատ հաճախ անհրաժեշտ ուշադրության չեն արժանանում: Օրինակ, Հեղինե Դարբազյանը ոստիկանությանը բողոք էր ներկայացրել, սակայն դա նրա կյանքը չփրկեց. 38-ամյա կինը ամիսներ առաջ Մալաթիայի տոնավաճառում նախկին ամուսնու կողմից դանակի ավելի քան 30 հարված ստանալով՝ մահացավ։

«Չկա մեխանիզմ, որը տվյալ ամուսնուն հեռու կպահեր կնոջից: Պատժի ինչ-որ մի սպառնալիք: Մենք միայն կարող ենք խորհուրդ տալ, որ հենց գա՝ էդ պահին զանգեք ոստիկանություն: Բայց ոստիկանը քանի անգամ կարող է գալ-գնալ, միևնույն ա՝ ամուսնու վրա դա ոչ մի ձևով չի ազդում»:

Փորձագետները պնդում են, որ բռնության հեղինակները համարժեք պատիժ չեն ստանում նաև դատարանում: Մի քանի օր առաջ Լոռու մարզի դատարանը որոշեց ընդամենը 150 հազար դրամով տուգանել կնոջն ու երեխաներին պարբերաբար ծեծած տղամարդուն, ով պնդել էր, թե 6-ամյա դստերը շղթայով գոմում կապել, կնոջը բութ գործիքներով պարբերաբար հարվածել, երեխաների մատներն էլ վառարանի վրա այրել է «զուտ դաստիարակչական նպատակներով»:

Ավելի վաղ՝ մոտ մեկ ամիս առաջ էլ դատարանը երեքուկես տարվա ազատազրկման էր դատապարտել երեխաների աչքի առաջ դանակի 21 հարվածով կնոջը՝ 35-ամյա Դիանա Նահապետյանին սպանած ամուսնուն: Իրավապաշտպանները պնդում են՝ նաև «օրենքի թերի լինելու պատճառով են կանայք հայտնվում անելանելի վիճակում»:

Դեռևս 9 տարի առաջ ՀԿ-ները «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծ են ներկայացրել Ազգային ժողով: Փաստաթուղթը, սակայն, մինչ օրս միայն պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում է քննարկվել:

Մի քանի օր առաջ էլ հեղինակավոր Human Rights Watch-ն էր իր զեկույցում անդրադարձել Հայաստանում ընտանեկան բռնության համար քրեական պատիժ սահմանող օրենքի բացակայությանը՝ իշխանություններին կոչ անելով հրատապ քայլեր ձեռնարկել խնդրի կարգավորման ուղղությամբ: Իսկ անցած տարի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի՝ Հայաստանին ուղղված հանձնարարականների գրեթե կեսը վերաբերել է կանանց հանդեպ բռնությունների կանխարգելմանը:

Տեղի փորձագետներն էլ ահազանգում են՝ Հայաստանում ընտանեկան բռնությունները փաստող ցուցանիշներն «արդեն սարսափելի են»:

XS
SM
MD
LG