Մատչելիության հղումներ

Պուտինի դստեր մասին հոդված հրապարակած պարբերականը նախազգուշացում է ստացել


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դստեր հետ, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դստեր հետ, արխիվ

The New Times-ը շուրջ երկու տարի տևած հետաքննության արդյունքում բացահայտել է Պուտինի ավագ դստերը։

Պուտինի դստեր մասին հոդված հրապարակած The New Times պարբերականը նախազգուշացում է ստացել:

The New Times-ը շուրջ երկու տարի տևած հետաքննության արդյունքում բացահայտել է Ռուսաստանի նախագահի ավագ դստերը և որոշ մանրամասներ ներկայացրել նրա գտնվելու վայրի, աշխատանքի, ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ։

Բացառիկ այս հետաքննությունը հրապարակվելուն պես «Ռոսկոմնադզոր»-ը՝ Ռուսաստանի վերահսկողական կոմիտեն, հիշել է թերթի ավելի վաղ տպագրած «Միայն թե պատերազմ չլինի» վերատառությամբ հոդվածը, որում հեղինակը, հիշատակելով «Առաջին սեկտոր» կազմակերպությունը, չի նշել, որ այդ կազմակերպության գործունեությունն արգելված է Ռուսաստանում։ Նախազգուշացումից բացի թերթը նաև տուգանվել է։

Զանգվածային լրատվամիջոցների մասին Ռուսաստանի օրենսդրության համաձայն, պարբերականին ներկայացված երկրորդ զգուշացումը կարող է հիմք հանդիսանալ գործունեության արտոնագրի ետ կանչման համար։

Լրագրողական հետաքննություններով հայտնի ռուսական անկախ այդ պարբերականը նախօրեին հրապարակած հոդվածում պնդել էր, որ Վլադիմիր Պուտինի ավագ դուստրը, ով ներկայանում է որպես Մարիա Վորոնցովա, ապրում է Մոսկվայում, նրա տունը հսկվում է Պահպանության դաշնային ծառայության և ներքին գործերի նախարարության կողմից։ «Մարիան ամուսնացած է, նրա ամուսին հոլանդացի գործարար Յորիթ Ֆասենն է», - նաև գրում է թերթը։

Ըստ պարբերականի, Պուտինի դուստրը սովորել է Մոսկվայի Պետական համալսարանի հիմնարար բժշկության ֆակուլտետում։

Թերթը ներկայացրել է նաև Մարիայի՝ նախկին համակուրսեցիների հետ լուսանկարներ, որոնք արվել են Միջերկրական ծովով զբոսնելիս: Ըստ պարբերական, այդպիսի զբոսանավի վարձակալությունն արժե 35-45 հազար եվրո՝ շաբաթական։

Հոդվածագիրը հայտնում է, որ փորձել է կապվել Պուտինի դստեր նախկին համակուրսեցիների հետ, սակայն նրանք հիմնականում հրաժարվել են Մարիայի մասին որևէ տեղեկություն հաղորդել։ Ռուսաստանի սահմաններից դուրս բնակվող համակուրսեցիներից մեկն է միայն պատմել, որ իրենց համոզմամբ՝ Մարիայի հայրը «ինչ-որ հարուստ գեներալ» է կամ «հրթիռների գաղտնի նախագծող»։

Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Կրեմլը չի մեկնաբանում The New Times-ի հրապարակումը։

Անցյալ տարի էլ, հիշեցնենք, լրատվամիջոցները բացահայտել էին Պուտինի կրտսեր դստերը, ով, ըստ հրապարակումների, կրում է Եկատերինա Տիխոնովա անուն-ազգանունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG