Մատչելիության հղումներ

Էրդողանը ցանկանում է հանդիպել Պուտինի հետ


Կրեմլի խոսնակը հաստատել է լուրը։

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել են նրա հետ հանդիպելու՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ցանկության մասին։

Ռուսաստանի ղեկավարի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդամենը հաստատել է լուրը, սակայն չի նշել՝ արդյոք նախագահը համաձա՞յն է հանդիպել Էրդողանին։ Վերջինս անցած շաբաթ օրն է ասել, որ նպատակահարմար կլինի Պուտինի հետ քննարկել նախօրեին տեղի ունեցած միջադեպը։

Հունվարի 29-ին ռուսական Սու-34 տեսակի ռազմական ինքնաթիռը, պաշտոնական Անկարայի պնդմամբ, հերթական անգամ խախտել է Թուրքիայի օդային սահմանը։ «Եթե նման խախտումները շարունակվեն, հնարավոր հետևանքների համար ամբողջ պատասխանատվությունը ռուսական կողմն է կրելու, քանի որ դա ոչ միայն Թուրքիայի, այլ նաև ամբողջ ՆԱՏՕ-ի օդային տարածքն է», - ասել է Թուրքիայի նախագահը և ավելացրել. - «Այդ կարգի անպատասխանատու քայլերը որևէ արդարացում չունեն և վնաս են հասցնում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերություններին ու տարածաշրջանի խաղաղությանը»։

Էրդողանի փոխանցմամբ, թուրքերն այդ մասին պաշտոնապես տեղեկացրել են Անկարայում Ռուսաստանի դեսպանին։

Էրդողանը նաև հայտնել է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է կապվել ռուսական կողմի հետ և փոխանցել Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու իր առաջարկը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հաստատել է, որ, ըստ Հյուսիսատլանտյան դաշինքի ռադարների, ռուսական Սու-34-ը իսկապես խախտել է Թուրքիայի օդային տարածքը։

Ռուսները պնդում են, որ նման բան տեղի չի ունեցել։ «Թուրքիայում ծավալված հիստերիան վկայում է, որ դա ոչ միայն մերկապարանոց քարոզչություն է, այլև ունի նախապես ծրագրված սադրանքի նշաններ», - ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Ռուս-թուրքական առանց այն էլ սրված հարաբերություններում ուրվագծվում է մի նոր վտանգավոր հանգամանք. ռուսական որոշ աղբյուրներ պնդում են, որ անցյալ տարվա հոկտեմբերի 31-ն Եգիպտոսի օդային տարածքում A321 քաղաքացիական ինքնաթիռի պայթեցման գործողությանը մասնակցել են թուրք ազգայնականները` «Գորշ գայլեր» խմբավորման զինյալները։

Շարմ էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող «Կոգալիմավիա» ընկերության օդանավի աղետի հետևանքով զոհվել են բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները` 224 մարդ։ Ահաբեկչության համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետության» հետ կապեր ունեցող մի խմբավորում։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նոյեմբերին ասել էր, թե դրա անունն է «Վիլայաթ Սինայ»։

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը ենթադրում է, որ այդ ահաբեկչությանը կարող են առնչություն ունենալ թուրքական «Գորշ գայլերը»։

Ռուսական աղբյուրները հիշեցնում են, որ նոյեմբերի 24-ին խոցված Սու-24 ռազմական ինքնաթիռից պարաշյուտով դուրս նետված օդաչու Օլեգ Պեշկովին օդում գնդակահարել է և ավելի ուշ այդ մասին հպարտությամբ պատմել է ոմն Ալփարսլան Չելիքը, ով նույնպես «Գորշ գայլեր»-ի զինյալ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG