Մատչելիության հղումներ

logo-print

Փաշինյանը խորհրդարանին առաջարկեց «հասկանալ» օմբուդսմենի հրաժարականի պատճառները


Պատգամավոր Նիկոլ Փաշինյան, արխիվ

Պատգամավոր Նիկոլ Փաշինյան, արխիվ

«Խոսվում է նույնիսկ շանտաժի մասին, և շոշափվում է շատ կոնկրետ անուն՝ Վատիկանում ՀՀ դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյան»,- ասաց պատգամավորը։

Ինչո՞ւ հրաժարական տվեց օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը. խորհրդարանական քննարկումների ժամանակ հարցը բարձրացրեց նաև պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ ԱԺ-ին, պատգամավորի կարծիքով, պետք է հետաքրքրեր՝ ի՞նչ է կատարվում օմբուդսմենի ինստիտուտի հետ։

«Առավել ևս մամուլում հրապարակված այն տեղեկությունների ֆոնին, թե մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ գործադրվել է հարկադրանք, սպառնալիքներ։ Խոսվում է նույնիսկ շանտաժի մասին, և շոշափվում է շատ կոնկրետ անուն՝ Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյան։ Մենք ի վերջո պետք է հասկանա՞նք, լա՛վ, մեր երկրում պաշտոնյաներին, քաղաքական գործիչներին շանտաժի ենթարկելու, նրանց դեմ կոմպրոմատներ հավաքելու, կոմպրոմանտներով նրանց ինչ-որ որոշումների բերելու ինստիտուտ կա՞, թե՞ չկա»,- հարցրեց Փաշինյանը։

Նա Կարեն Անդրեասյանին էլ քննադատեց.- «Անդրեասյանը, ըստ էության, շարունակեց Հայաստանում հաստատված տխուր, խայտառակ ավանդույթը, երբ էն պետական պաշտոնյաները, ովքեր պաշտոնը ստանձնում են, ասում են անմնացորդ կծառայենք ժողովրդին, ասում են՝ մեզ ոչինչ չի կանգնեցնի, Սահմանադրությունը, օրենքը..., մեռնեմ օրենքին, մեռնեմ մեր ժողովրդին, ամեն ինչ կանենք, մեկ էլ մի առավոտ վեր են կենում, ասում են՝ ժողովուրդ ջան, դուք յոլա գնացեք, մենք գնացինք։ Էդ ժողովուրդը էդքան հարգանքի արժանի՞ չէ, որ գոնե ասեք՝ ժողովուրդ ջան, իմ դեմ կա այս կոմպրոմատը կամ իմ պախանը ասել է՝ թող ռադդ քաշի, ես էլ քաշում եմ, որովհետև ես ոչ թե ժողովրդին եմ ծառայում, այլ պախանին»։

Օմբուդսմենի պաշտոնից շաբաթներ առաջ հրաժարական տված Կարեն Անդրեասյանը պատճառները դեռևս չի մեկնաբանել։ Որոշ պատգամավորներ առաջարկեցին ամրագրել՝ եթե մարդու իրավունքների պաշտպանը հրաժարական է տվել, պետք է նաև խորհրդարանին պարզաբանումներ ներկայացնի։

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ Անդրեասյանի վրա իշխանության կողմից եղել են անթաքույց ճնշումներ։ «Ակնհայտ էր, որ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության որոշ դրվագները սկսել էին ազդել իշխանության նյարդերի վրա»,- ասաց նա։

Մարուքյանը առաջարկում է Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը

ՀՀԿ-ն, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի խոսքով, չի որոշել իր թեկնածունին։ Չնայած դրան՝ անուններ հնչեցին։ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ հրաշալի օմբուդսմեն կլինեին իրավապաշտպան Վարդան Հարությունյանը կամ Ավետիք Իշխանյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ Զարուհի Փոստանջյանը։

«Ես՝ որպես Պետաիրավական հանձնաժողովի անդամ, պատրաստվում եմ առաջադրել Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, բնականաբար, իր համաձայնությամբ, մենք խոսել ենք։ Եվ բոլոր ուժերին, որոնք հիմա խոսում են այլընտրանք ստեղծելու, լավ օմբուդսմեն ունենալու մասին, առաջարկում եմ պաշտպանել Փոստանջյանի թեկնածությունը։ Եկեք այդ այլընտրանքը ձևավորենք, եթե հնարավորություն կլինի, որ նա նշանակվի մարդու իրավունքների պաշտպան, ես կարծում եմ, որ նա կարող է լինել լավագույն մարդու իրավունքների պաշտպանը՝ իր ունեցած փաստաբանական փորձով, խարիզմայով և մարդու իրավունքների վերաբերյալ իր մոտեցումով»,- ասաց Մարուքյանը։

ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը օմբուդսմենի պաշտոնի մասին իր պատկերացումներն ունի։ Հարցին, թե ի՞նչ կանի, եթե մարդու իրավունքների պաշտպան լինի, կարճ պատասխանեց.- «Ում ուզեմ, ոնց ուզեմ, տենց կանեմ»։

Ինչո՞ւ օմբուդսմենի թեկնածուին պետք է առաջադրի Պետաիրավական հարցերի, ոչ թե Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, ինչպես առաջարկվում է նախագծով. շատ քննարկվեց նաև այս հարցը։ Որոշ պատգամավորներ տարակուսած էին՝ օմբուդսմենի բոլոր զեկույցները քննարկել է հենց Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը։ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց.- «Այն, ինչ նախապես ասվում էր Սահմանադրության մասին, որ սա պետք է բարձրացնի ԱԺ-ի, պառլամենտարիզմի դերը, արդեն այսօր այս որոշման նախագծից ակնհայտ է, որ ոչ թե դերն է բարձրացնելու, այլ նվազեցնելու է։ Իրավասու հանձնաժողովը, որը Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովն է, փաստորեն զրկված է լինելու քննարկելու և առաջադրելու մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի»։

Տարակուսած էր նաև Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը․ խորհրդարանին թեկնածու առաջադրելու իրավասությունը, կարծում է, պետք է տրվեր հենց իր ղեկավարած հանձնաժողովին, բայց, ասաց, ոչինչ չի փոխվի, եթե անգամ Պետաիրավականը քննարկումներ անցկացնի։

«Մենք չգիտե՞նք, որ որոշումը Պետաիրավական հանձնաժողովի չի կայացնելու։ Կամ չգիտե՞նք, որ Ազգային ժողովը չի որոշումը կայացնելու»,- ասաց Վարդանյանը։

Ի դեպ, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հայտարարեց, թե Հանրապետականը պատրաստ է փոփոխել նախագիծն ու թեկնածուներ առաջադրելու հնարավորություն տալ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի։ Նախագծի նախնական տարբերակում այդ իրավունքն ուներ հանձնաժողովի անդամների 1/3-ը։ Պատգամավորները մտավախություն ունեին, որ ընդդիմադիրների չմիավորվելու դեպքում օմբուդսմենի թեկնածու կարող էր առաջարկել միայն Հանրապետականը։

XS
SM
MD
LG