Մատչելիության հղումներ

Որդեկորույս ծնողները քրգործերի մասին որևէ նոր տեղեկություն չեն գտել ԱԺ-ի տրամադրած տեղեկանքներում


Խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողներն ու Հովհաննես Սահակյանը Ազգային ժողովում, արխիվ

Խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողներն ու Հովհաննես Սահակյանը Ազգային ժողովում, արխիվ

Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը չի բացառում, որ հնարավոր է խորհրդարանում ժամանակավոր հանձնաժողով ստեղծվի՝ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մահվան դեպքերն ուսումնասիրելու համար։

«Ժամանակավոր հանձնաժողովը չպետք է լինի առանց պատճառաբանության։ Այն հարցադրումները, որ պետք է հնչեցնի ժամանակավոր հանձնաժողովը, հնչեցնում ենք մենք։ Եթե դա չի բավարարի, կզգանք, որ այս մեթոդը, այս ճանապարհը չի բավարարում, կքննարկենք ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գաղափարը»,- ասաց Սահակյանը։

Տարիներ շարունակ կառավարության ու նախագահական նստավայրի առջև բողոքի ցույցեր անցկացնող ծնողները վստահ են՝ իրենց որդիների մահվան իրական մեղավորները մնացել են անպատիժ։ Կարծում են՝ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը կարող է նպաստել, որ սպանությունները բացահայտվեն։ Սակայն առայժմ պատգամավորները զբաղված են տեղեկություններ հավաքելով և յուրաքանչյուր գործի մասին ծնողներին տեղեկանք ներկայացնելով։

Մինչ օրս չպարզված հանգամանքներում բանակում մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, սակայն, տրված տեղեկանքում իր համար որևէ նոր բան չգտավ։

«Իրենք թռուցիկ ձևով պատասխանում են Ազգային ժողովին՝ իմանալով, որ իրավասություն չունեն էս քրեական գործերի շրջանակներում ինչ-որ գործողություն անելու։ Միայն հանձնաժողովը իրավունք կունենա ուսումնասիրել քրեական գործը և եզրակացություն տալ»,- ասաց Սարգսյանը։

Մահացած զինվոր Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, ևս հպանցիկ ծանոթանալով որդու մահվան գործի վերաբերյալ այսօր տրված տեղեկանքին, պնդում է՝ այն նոր բան չի ասում, ընդամենը նկարագրում է նախաքննական մարմնի վարկածը, թե որդին մահացել է հիվանդության պատճառով։ «Էլ իրենց ի՞նչ փաստ է պետք, որ իմ էրեխուն սպանել են։ Եթե եղել է հիվանդ, ես ծնողն եմ, ես էդ հիվանդությունից չեմ հրաժարվում։ Իմ էրեխու ուղեղի մեջ եղե՞լ է ուռուցք չորսը չորսի վրա, թող դիահերձման ժամանակ ցույց տային, ասեին՝ այ, սա է եղել ձեր տղայի մահվան պատճառը»։

Տարբեր տարիներին բանակում մահացած 5 զինվորների գործերով մինչ օրս որևէ մեկը դատապարտված չէ։ Գործերը կամ կասեցված են, կամ դեռևս գտնվում են նախաքննության փուլում։ Գոհար Սարգսյանը պատմում է, որ տարիներ առաջ որդու էլեկտրահարման վարկածը Վճռաբեկ դատարանը հերքել է, գործն ուղարկել նոր քննության։ Նոր քննության արդյունքում էլ դեկտեմբերին որոշում է կայացվել գործն ընդհանրապես կարճել։

«Քննիչը որոշել է կասեցնել գործը՝ անհայտ լինելու պատճառով։ Այսինքն անհայտ է դեպքի վայրը, հանցագործության գործիքը և այն անձը, որը պետք է մեղավոր լինի, ու անհայտ է Տիգրան Օհանջանյանի մահվան պատճառը։ Սա ի՞նչ է նշանակում։ Ինը տարի քննություն անցկացնես ու էսօր ինձ մի խայտառակ կասեցման որոշում ուղարկե՞ն»,- ասում է մայրը։

Պետաիրավական հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանին ևս խորհրդարանի տված տեղեկանքը չբավարարեց, պնդում է՝ այս քրեական գործերը դիտավորյալ չեն բացահայտվել, և Ազգային ժողովը պետք է հստակ եզրակացություններ հրապարակի խորհրդարանի ամբիոնից։

«Չբացահայտված գործերի վերաբերյալ պետք է կազմվեն եզրակացություններ։ Եզրակացությունում հստակ պետք է նշվի՝ որն է պատճառը, որ չի բացահայտվել քրեական գործը։ Ես կարծում եմ՝ մենք պետք է այս ճանապարհով գնանք»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Տեղեկանքները ուսումնասիրելուց ու դրանց վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացնելուց հետո որդեկորույս ծնողները կրկին կկանչվեն խորհրդարան։

XS
SM
MD
LG