Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահ․ ԵԽԽՎ-ում քննարկված երկու բանաձևերը նաև բարերար ազդեցություն ունեցան


Լուսանկարը՝ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության

Լուսանկարը՝ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության

Դրանք ևս մեկ անգամ փաստեցին «միասին գործելու մեր կարողությունը և համատեղ ջանքերով արդյունքի հասնելու ներուժը», հայտարարում է Գալուստ Սահակյանը:

Անցյալ շաբաթ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քննարկած՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող երկու բանաձևերը յուրատեսակ փորձաքար դարձան եվրոպական այդ կառույցի համար: Այդ մասին այսօր Ազգային ժողովի նիստում իր ելույթում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը:

«Ըստ էության, իրականությունը խեղաթյուրող, ղարաբաղյան հակամարտության շուրջ խաղաղ բանակցային գործընթացն արգելակող այդ բանաձևերը դրանց հեղինակների կողմից փորձ էին՝ վարկաբեկելու եվրոպական այդ բարձր հարթակը և միտումնավոր կերպով թյուրիմացության մեջ գցելու միջազգային հանրությանը: Դրանք նաև ուղղակի ու անուղղակի փորձ էին ստվերելու, թերագնահատելու ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեությունը և Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը մասնակից դարձնելու մի կառույց, որը նման գործառույթ ու լիազորություն չունի», - ասել է Սահակյանը:

«Այդ բանաձևերի քննարկմանը նախորդած գործողությունները և քննարկումների արդյունքները ցույց տվեցին, որ խորհրդարանական դիվանագիտությունն իսկապես ուժեղ զենք է, որը երբեք չի կորցնում իր կարևորությունը, և որը մենք կարող ենք խելամտորեն օգտագործել: Ընդ որում, խոսքը վերաբերում է թե՛ մեր պատվիրակության անդամներին, թե՛ նրանում չընդգրկված մեր գործընկերներին», - Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հայտարարել է Գալուստ Սահակյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր պատգամավորներին, ովքեր գործընկերների հետ քննարկումներում, միջազգային տարբեր կառույցներում և ձևաչափերում «արժանապատվորեն ներկայացրեցին հիշյալ բանաձևերում արծարծված հարցերի իսկությունն ու ենթատեքստերը, դրանց շարժառիթները, դրդապատճառներն ու հնարավոր հետևանքները»:

«ԵԽԽՎ-ում քննարկված հիշյալ երկու բանաձևերը, իրենց ոչ հայանպաստ բովանդակությամբ հանդերձ, գործողությունների առումով որոշակի բարերար ազդեցություն ունեցան՝ ևս մեկ անգամ փաստելով միասին գործելու մեր կարողությունը և համատեղ ջանքերով արդյունքի հասնելու ներուժը», - նշել է Ազգային ժողովի նախագահը՝ ընդգծելով, որ խոսքը վերաբերում է ոչ միայն խորհրդարանական ուժերին, որոնց «միջկուսակցական հարաբերություններն ու տարբեր հարցերի շուրջ տարբեր տեսակետները, անհամաձայնությունները և նաև վիճաբանությունները չխանգարեցին համատեղել ջանքերն ընդդեմ հակահայ դրսևորումների», այլև պետական և ոչ պետական կառույցներին, հասարակական ու ոչ կառավարական կազմակերպություններին, կառավարող ու ընդդիմադիր, նրանց գործընկեր ու հակընդդեմ կուսակցություններին, «մի խոսքով՝ քաղաքացուն ու պետությանը»: «Շնորհակալ լինելով նրանց բոլորին՝ նաև երախտագիտությունս եմ ուզում հայտնել սփյուռքի մեր հայրենակիցներին ու կազմակերպություններին, որոնք այս դեպքում ևս իրենց հայանպաստ գործողություններով սատար ու պատվար էին Հայաստանին ու Արցախին», - ասել է Սահակյանը:

Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել նաև ԵԽԽՎ-ի բոլոր այն պատգամավորներին, «ովքեր ձեռնպահ մնացին այդ կառույցը վարկաբեկող գործողություններից ու մտածելակերպից, այն հակաճշմարտության և շահախնդրության ամբիոնի վերածելուց, գայթակղություն, որին սակայն չկարողացան դիմադրել թե՛ այդ բանաձևերի հեղինակները, թե՛ դրանց կողմ քվեարկած պատգամավորները»: «Հենց դրա արդյունքն էր այն, որ քննարկված բանաձևերից մեկը, այդուհանդերձ, ընդունվեց: Սակայն կարծում եմ, որ դա չպետք է դարձնել քաղաքական ու քաղաքագիտական էժանագին շահարկումների առարկա, առավել ևս՝ վերածել անմաքուր, անազնիվ խաղերի», - հայտարարել է Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք՝ ԵԽԽՎ-ն հունվարի 26-ին մերժեց բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» բանաձևի նախագիծը, սակայն հավանություն տվեց բոսնիացի Միլիցա Մարկովիչի ներկայացրած՝ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» բանաձևի նախագծին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG