Մատչելիության հղումներ

Բյուրեղավանի գործարանի նախկին աշխատակիցները նախագահականից են պահանջում իրենց աշխատավարձերը


Գործարանը սնանկ է ճանաչվել` մոտ 150 աշխատողներին ունեցած միլիոնների պարտքը թողնելով օդում կախված

Ամսական ավելի քան 10 միլիոն շիշ արտադրելու հնարավորություն ունեցող Բյուրեղավանի գործարանը ամիսներ առաջ դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել՝ մոտ 150 աշխատողներին ունեցած միլիոնների պարտքը թողնելով օդում կախված։

Մի քանի անգամ քաղաքապետի ու մարզպետի մոտ հարցը բարձրացնելուց, բողոքի ակցիաներ անցկացնելուց հետո գործարանի նախկին աշխատակիցները այսօր հույսները կտրած ուղևորվել էին նախագահական նստավայր, սակայն ընդամենը մի քանիսն էին կարողացել հասնել Բաղրամյան 26։ Լրագրողների հետ զրույցում նրանք պնդում էին, որ իրավապահները ցուցարարների ավելի մեծ խմբի ճանապարհը փակել են նախ Բյուրեղավանի ելքի, ապա՝ Աբովյան քաղաքի մոտ։

«Ավտոբուսը կանգնեցրել են», - պատմեց ցուցարարներից մեկը։

«Մեզ ջլատել են, կարծում են, թե դրանով փրկվեցի՞ն», - հարցնում էր մյուսը։

Բյուրեղավանի գործարանի նախկին աշխատակիցները մեկ անգամ չեն խոստումներ լսել, թե՝ մի քիչ էլ համբերեք՝ աշխատավարձերը կվճարեն։ Նախագահական նստավայր հասած ցուցարարները համոզված էին՝ սնանկ ճանաչված գործարանի ղեկավարներից այլևս սպասելիքներ պետք չէ ունենալ։

«Նոր զանգեցին՝ ասացին մի ամիս էլ համբերեք։ Դե՝ խաբում են», - ասում էին ցուցարարները։

Գործարանի արդեն նախկին ինժեներ, էլեկտրիկ Պապիկ Վիրաբյանը գործազուրկ դառնալուց հետո փորփրել է սնանկացման փաստաթղթերն ու իր համար տարօրինակ փաստեր հայտնաբերել․ սնանկ ճանաչելու մասին դատարանի վճռի համաձայն, դեռ 2006 թվականին գործարանը մեծ վարկ է վերցրել օֆշորային գոտում գրանցված մի կազմակերպությունից։

«Ո՞ւմ դարդնա կտրվել՝ բրիտանական Վիրջինյան կղզիներ՝ ինչ-որ մի կազմակերպություն աչքերը ուռել էր, որ բերեր Բյուրեղավանում գործարան դնե՞ր, որ մարդիկ աշխատեին ու ապրեին», - հարցնում է Վիրաբյանը։ - «Օֆշորային գոտիներն էն գոտիներն են, որտեղ անօրինական, կեղտոտ փողերը լվացնելու համար են, որտեղ որևէ մեկը չունի իրավունք քննելու»:

Այժմ գործարանը սնանկ է ճանաչվել հենց այդ կազմակերպության դիմումի հիման վրա: Դատարանը հաստատված է համարել, որ Բյուրեղավանի գործարանը Վիրջինյան կղզիներում գրանցված կազմակերպությանը պարտք է ավելի քան 3 միլիոն դոլար։

Սնանկացումից ընդամենը մեկ տարի առաջ Կառավարությունը արտոնություն էր տվել ընկերությանը՝ 3 տարով հետաձգելով ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորությունը։ Կառավարության նույն նիստում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ոգևորությամբ էր խոսել ապակյա տարաներ արտադրող գործարանի հաջողությունների մասին, նշելով, թե ընկերությունը պատրաստվում է խոշոր ներդրումներ անել և արտադրանքի կեսը արտահանել Միացյալ Նահանգներ, Վրաստան և Բելառուս։ Սնանկացումից ընդամենը մի քանի ամիս առաջ էլ գործարանի ղեկավարները պնդել էին, թե պատրաստվում են ավելացնել արտադրության ծավալներն ու աշխատատեղերը։ Որևէ տեղ չի խոսվել գործարանի ֆինանսական ճգնաժամի մասին։ Մինչդեռ այսօր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը պնդեց՝ գնորդ չունեին, կանգնել էին լուրջ ֆինանսական խնդիրների առաջ և խոշոր պարտքեր կուտակել։

«Վատ է վիճակը, մենք կլիենտ չունեինք, դրա համար էլ գործարանը կանգնեց: Հրաժարվեցին՝ «Բորժոմի»-ն հրաժարվեց: Չի կարողանում՝ Ռուսաստան արտահանել չի կարողանում: Տարած ապրանքի դիմաց էլ գումարները չէին կարողանում վճարել: Ում որ ապրանք էինք վաճառել, գումարները չկարողացան տալ: Կամաց-կամաց, կաթիլ-կաթիլ՝ հասավ այս աստիճանին», - պնդեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Թորոսյանը:

Գործարանն ավելի քան 170 միլիոն դրամի միայն աշխատավարձի պարտք ունի։ Դրանց հետևանքով մինչև 2015 թվականը տարեկան մոտ 1 միլիարդ դրամի հասույթ ստացած գործարանն այսօր զրկված է գազից ու էլեկտրաէներգիայից։

Սնանկացած գործարանի տնօրենի պաշտոնակատար Արմեն Թորոսյանը, հերքելով նախկին աշխատակիցների բոլոր մեղադրանքները, վստահեցրեց, թե այսօր ծրագիր են կազմում և հույս ունեն, թե պարտքերը կմարեն ոչ թե գույքը վաճառելու, այլ գործարանը առողջացնելու միջոցով։

XS
SM
MD
LG