Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը համարում է, որ Հանրապետականը հեղինակազրկված է


Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյան, արխիվ

Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյան, արխիվ

Դաշնակցությունը պնդում է՝ իշխանությունները հեղինակազրկված են: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ընդունում է՝ հեղինակազրկված իշխանությանը մաս կազմելուց հետո իրենց վարկանիշն էլ է ընկնելու, բայց այդ զոհողությանն ավանդական կուսակցությունը պատրաստ է, քանի որ այլընտրանքը երկիրը կորցնելն է լինելու:

«Մենք տեսնում ենք, որ իշխանությունները հեղինակազրկված են, ո՞ւմ հայտնի չէ... եթե իշխանությունը հեղինակազրկված է, դա բոլորիս պրոբլեմն է, չէ՞։ Իսկ մենք համարում ենք, որ եթե հեղինակազրկված է, թող էդպես էլ մնա հեղինակազրկված։ Բայց էդ հեղինակազրկված ուժը մեզ ղեկավարում է, իրավիճակի մեջ իրական ազդեցություն ունեցողը նա՛ է։ Մենք մտնում ենք [կոալիցիա], որ իշխանության որակը փոխվի, մոտեցումներն էլ փոխվեն, քաղաքականությունը փոխվի, երկրում իրավիճակ փոխվի»,- ասաց Ռուստամյանը։

«Բնականաբար, իշխանության հետ լինելը ինքնին ենթադրում է վարկանիշի անկում, բայց ավելի լավ է ես էս գինը վճարեմ, քան ազգովի պետությունը կորցնելու գինը վճարենք։ Մենք էս գինը վճարելու ենք, և ձեզ վստահեցնում եմ, որ ունենալու ենք շատ ավելի լավ Հայաստան։ Ոչինչ, էս ընթացքում թող մի քիչ էլ հայհոյեն։ Ասում է՝ «Հանուն գալիք վառ խարույկի ես պատրաստ եմ այսօր ծխալ, հանուն վաղվա ճշմարտության թող որ այսօր լինեմ սխալ». Պարույր Սևակ»,- հավելեց Դաշնակցության ղեկավար անդամը։

Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը համաձայն է՝ ժողովրդի խելքն իրենց համար չի գնում, բայց իրենք հեղինակազրկված չեն։ Նա Ռուստամյանին հորդորում է զգացմունքներին չտրվել, քանի որ դրանից հետո երբեմն զղջում ես:

«Ես չեմ ասում՝ Հանրապետականի համար ժողովրդի ուշքը գնում է, դա աննորմալ էլ կլինի, եթե ես էդպիսի բան ասեմ։ Բայց այն, որ իր բոլոր թերություններով հանդերձ Հանրապետականը ամենակայացած, ամենակայուն, ամենակուռ և ամենաազդեցիկ քաղաքական ուժն է, սա փաստ է»,- ասաց Շարմազանովը։

«Ազատության» հարցին՝ արդյոք աբսուրդային չի՞ համարում իրավիճակը, երբ ՀՅԴ-ն ՀՀԿ-ին համարում է հեղինակազրկված, բայց միևնույն ժամանակ փորձում է իշխանության մաս կազմել, ՀՀԿ խոսնակը պատասխանեց.- «Աբդուրդային է, թե՝ ոչ, թող իրենք պատասխանեն, ես իրենց փոխարեն պատասխանելու հնարավորություն չունեմ։ Ես ասում եմ՝ այսօր, ըստ իս, եթե վարկանիշը ընդունում ենք ընտրության արդյունքները և դերակատարումը, ապա ՀՀԿ-ն ամենավարկանիշային քաղաքական ուժն է»։

Այս հայտարարությունների ֆոնին Դաշնակցությունը շարունակում է բանակցությունները իշխող Հանրապետականի հետ: Արդեն մի քանի շաբաթ իշխող ուժն ու ավանդական կուսակցությունը համաձայնության չեն գալիս՝ ի վերջո համագործակցության ի՞նչ ձև են ընտրելու, կլինի՞ կոալիցիա, թե՞՝ ոչ , ո՞ր պաշտոնները կփոխանցվեն Դաշնակցությանը:

Ի պատասխան մեր հարցին, թե խոսվում է, որ Դաշնակցությանն են տրվելու Տարածքային կառավարման, Էկոնոմիկայի նախարարությունները, Արմեն Ռուստամյանն ասաց, թե այս պահին կարելի է բոլոր նախարարությունների մասին էլ խոսել, քանի որ համաձայնություն դեռևս չի կայացվել:

«Պորտֆելների մասին խոսակցությունները վաղ են, որովհետև դրանց հետ կապված որևէ համաձայնություն գոյություն չունի։ Շատի, քչի հարց չէ, բանակցություններ են ընթանում նաև էդ հարցի շուրջ, բայց դեռ չենք հասել որևէ եզրակացության»,- ասաց նա։

Արձագանքելով այն հարցին, թե ինչո՞ւ է Դաշնակցությունը ցանկանում Հանրապետականի հետ իշխանության մաս կազմել՝ հաշվի առնելով, որ մի քանի պորտֆելով դժվար թե կարողանան արմատական փոփոխությունների հասնել, Ռուստամյանը նշեց, թե Դաշնակցությունը իշխանափոխության հիմքերը արդեն դրել է՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով հասնելով երկրի կառավարման, ինչպես նաև ընտրական համակարգի փոփոխությանը: Ասաց՝ ժողովուրդն այսօր հնարավորություն ունի ընտրությունների միջոցով փոխել իշխանությունը.- «Իշխանափոխության հնարավորությունները ստեղծված են։ Սա իսկապես գոյություն ունի, և մենք համարում ենք էդ հարց լուծված»։

Ռուստամյանն ասում է՝ այժմ իշխանության մաս կազմելով՝ ցանկանում են ավարտին հասցնել սահմանադրական փոփոխություններից բխող օրենսդրական գործընթացը, ինչը ոչ պակաս կարևոր է, քանի որ Սահմանադրությունը կմնա անկատար, եթե համապատասխան օրենսդրությամբ այդ փոփոխությունները չարձանագրվեն:

«Սահմանադրությունից բխում է առնվազն 10-15 առաջնահերթ կարևորության օրենքներ, բխում են մոտ 400-ից ավելի օրենքների փոփոխություններ, որի մեջ նույնպես պետք է համահեղինակ լինես։ Փորձը ցույց տվեց, որ եթե դու դրսից ես խոսում, քո ասածները էդքան չեն արձանագրվում վերջնական տեքստերի մեջ։ Այ, ինչպես եղանք համահեղինակ Սահմանադրության նախագծի հարցում, այնպես էլ ուզում ենք համահեղինակ լինել բոլոր էս օրենքների ընդունման հարցում։ Միակը չէ, բայց գլխավոր նպատակն է սա»,- հավելեց նա։

XS
SM
MD
LG