Մատչելիության հղումներ

Հակաիսլամական ակցիաներ և շարժումներ Չեխիայում


Չեխիա - «Ազատություն և ուղիղ ժողովրդավարություն» կուսակցության հիմնադիր Տոմիո Օկամուրա, արխիվ

Չեխիա - «Ազատություն և ուղիղ ժողովրդավարություն» կուսակցության հիմնադիր Տոմիո Օկամուրա, արխիվ

Դրանց ընդդիմախոսները մատնանշում են երկրում ծայրահեղականության աճի վտանգը:

Չեխիան Արևելյան Եվրոպայի երեք այլ երկրների՝ Հունգարիայի, Ռումինիայի և Սլովակիայի հետ, անցած տարվա սեպտեմբերին դեմ է քվեարկել 120 հազար սիրիացի փախստականներին Եվրամիության երկրներով տեղաբաշխելու ծրագրին:

Այս որոշումը արժանացել է Եվրամիության կառույցների քննադատությանը, սակայն դրական է գնահատվել, համաձայն սոցհարցումների՝ Չեխիայի բնակչության մոտ 70 տոկոսի կողմից:

Հակամահմեդական քարոզչության նպատակով քաղաքացիական և քաղաքական շարժումներ են ստեղծվել, ինչպիսին է «Մենք չենք ցանկանում իսլամ Չեխիայում» շարժումը, որը պատրաստվում է նաև մասնակցել հաջորդ խորհրդարանական ընտրություններին: Հակաիսլամական ակցիաներին մասնակցում են նաև պատգամավորներ, նրանցից ելույթներով աչքի է ընկնում «Ազատություն և ուղիղ ժողովրդավարություն» կուսակցության հիմնադիր Տոմիո Օկամուրան:

«Մեզ մեղադրում են այլատյացության մեջ, որ մենք վախենում ենք մի բանից, որի մասին չգիտենք: Այդպես չէ, մենք շատ լավ գիտենք ինչից ենք վախենում: Մենք պատերազմի մեջ ենք, իսլամիստների ստեղծած պատերազմի մեջ, նրանց հավատքն ասում է, որ անհավատների դեմ հանցագործությունները հանցագործություն չեն: Մենք գիտենք ինչից ենք վախենում, վիճակագրության համաձայն, օրինակ, Նորվեգիայում բռնաբարությունների մեծ մասը կատարվում է ոչ եվրոպացիների կողմից», - ասել է Օկամուրան և շարունակել․ - «Փախստականները հաճախ չգիտեն աշխատել, սակայն գիտեն զենք օգտագործել և բռնաբարել կանանց: Մենք, բնականաբար, ընդունում ենք՝ պետք է օգնել մարդկանց ու օգնություն պետք է, ուրախ կլինեինք, եթե ուրիշները ցանկություն ունենային ինտեգրվել մեր հասարակության մեջ, բայց խնդիրը հենց այդ է, որ հաճախ նրանք չեն ինտեգրվում: Ես հարցի լուծումը տեսնում եմ փախստականների հոսքը դադարեցնելու մեջ, Չեխիայի սահմաններին վերահսկողությունը մեծացնելու մեջ: Մենք ունենք գործազրկություն, հաշմանդամներ, տարբեր խմբեր, ովքեր օգնության կարիք ունեն, իսկ գումարը չի հերիքում»:

Օկամուրայի ընդդիմախոսները նրան քննադատելիս հաճախ են հիշեցնում, որ չեխական մշակույթը պաշտպանել փորձող գործիչը ճապոնական արմատներ ունի:

Երկրում քիչ են, սակայն կան նաև արմատապես հակառակ կարծիքը ունեցողներ՝ հիմնականում երիտասարդներ, ովքեր կարծում են և մտահոգված են՝ փախստականների թեմայի շուրջ երկրում ծայրահեղականությունն է աճում:

Այս միտումների դեմ պայքարելու համար ստեղծվել է «Ուսանողական շարժում հանուն համերաշխության» շարժումը, որը դասախոսություններ է կազմակերպում համալսարաններում և դպրոցներում՝ բարձրացնելու իրազեկությունը փախստականների խնդրի շուրջ: Շարժման նախաձեռնողներից Լայլա Բարտելդիի խոսքով՝ չեխերի խուճապն անհիմն է:

«Փախստականների ճգնաժամը շատ է քննարկվում, դա թերևս ամենաքննարկվող հարցն է չեխական միջավայրում: Իրականում, հիմա մեզ մոտ փախստականներ չկան, այսինքն՝ կա փախստականների ճգնաժամ՝ առանց փախստականների: Մենք ունենք փախստականներ Ուկրաինայից, ոչ Միջին Արևելքից: Չեխիայի բնակիչները ոչ մի մահմեդական փախստականի չեն տեսել, բայց վախենում են, ասում են՝ նրանք գալիս են գրավելու քրիստոնյա Եվրոպան․ ու դա ասում են չեխերը, որ Եվրամիության ամենաաթեիստ երկու ազգերից մեկն են», - «Ազատության» հետ զրույցում ասել է Բարտելին:

Վերջինս նորմալ չի համարում, որ հասարակությունը անտարբեր է այլ հարցերի հանդեպ․ - «Օրինակ՝ երկրում երկրորդ ամենահարուստ մարդը՝ Անդրեյ Բաբիշը, ով երեք հեռուստաընկերություն է գնել, մենաշնորհ ունի գյուղատնտեսական ապրանքների ոլորտում․ դրանում մարդիկ խնդիր չեն տեսնում»:

Շարժման նախաձեռնող Յակոբ Մուչկանն ասում է, որ փախստականների առջև սահմանները փակելը խոսում է մարդու իրավունքները ստորադասելու մասին՝ մի բան, որ ընդունված էր սոցիալիստական Չեխոսլովակիայում:

«Ես գնում եմ սահման, քանի որ կարծում եմ՝ պետք է փախստականներին օգնել, սակայն գնում եմ նաև այն պատճառով, որ անհանգստանում եմ մեր հասարակության համար: Ինձ վախեցնում են մեր հասարակությունում առկա միտումները, շատերը սկսել են ասել, որ ավելի լավ է՝ դուրս գանք Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից, բռնապետությունն ավելի լավ էր: Ես պարզապես վախենում եմ, որ միգրանտների մասին կարծիքները կարող են վերաճել ժողովրդավարությունից հրաժարվելու հարցի: Մեր քաղաքական գործիչները, մեր նախագահ Զեմանը նպաստում են նման մտքերին, նրանք ասում են, որ մենք արհամարհում ենք ժողովրդի կարծիքը: Կան բաներ, որ ժողովրդի կարծիքով չպետք է որոշել, օրինակ՝ եթե պետք է պաշտպանել մարդուն, նրա ազատությունը, տեղ չկա մեր ցանկությունների համար», - հայտարարել է Մուչկանը:

Քաղաքական գործիչները, այդուհանդերձ, շարունակում են փորձել ապացուցել, որ քրիստոնյաներն ու մահմեդականները անհամատեղելի են: Մասնավորապես, Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հեռուստաեթերով հայտարարել է, որ մուսուլմանների ինտեգրումը Արևմտյան Եվրոպայում գործնականում անհնար է. ըստ Զեմանի՝ դրա մասին է վկայում այն, որ մուսուլմանները Եվրոպայում մեկուսացած են ապրում՝ իրենց «գետտոներում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG