Մատչելիության հղումներ

Խիդաշելի․ «Չեմ կարծում, թե մեզանից որևէ մեկը գոհ է մեր պատվիրակությունների քվեարկություններից»


Հայաստան -- Վրաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվում է Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում, Երևան, 1-ը փետրվարի, 2016թ․

Հայաստան -- Վրաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվում է Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում, Երևան, 1-ը փետրվարի, 2016թ․

ԵԽԽՎ-ում վրացական պատվիրակությունը անցած շաբաթ ողջ կազմով կողմ քվեարկեց երկու ոչ հայանպաստ բանաձևերին

Թբիլիսիում ու Երևանում գոհ չեն միջազգային տարբեր ատյաններում միմյանց վերաբերող հարցերի շուրջ երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների քվեարկություններից՝ այսօր Երևանում հայտարարեց Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում վրացական պատվիրակությունը այն սակավաթիվներից էր, որ անցած շաբաթ ողջ կազմով կողմ քվեարկեց երկու ոչ հայանպաստ բանաձևերին:

Խիդաշելիին, ով, ի դեպ, Վրաստանի խորհրդարանի խոսնակի կինն է, խնդրեցին մեկնաբանել վրացական պատվիրակության նման դիրքորոշումը:

«Այլևս Վրաստանի խորհրդարանի անդամ չեմ, ԵԽԽՎ-ում ներկայացնում էի Վրաստանը մեկ տարի առաջ: Չեմ կարող մեկնաբանել խորհրդարանի իմ ընկերների, գործընկերների որոշումները, քանի որ ներկայացնում եմ իշխանության այլ ճյուղ: Սակայն կարող եմ ասել՝ եթե հայացք նետենք ԵԽԽՎ-ում հայաստանյան ու վրացական պատվիրակությունների քվեարկությունների վիճակագրությանը, չեմ կարծում, թե մեզանից որևէ մեկը գոհ է մեր պատվիրակությունների քվեարկություններից: Սա ասում եմ՝ ելնելով ԵԽԽՎ-ում իմ փորձից: Ենթադրում եմ՝ այսպես է քաղաքականությունը գործում», - նշեց Վրաստանի պաշտպանության նախարարը։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ հատկապես Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո ռիսկերը մեծացել են, որ Վրաստանի հանդեպ Երևանի քաղաքականությունը կարող է արտահայտել սոսկ Կրեմլի շահերը:

«Արժե հիշել, թե ինչպես անցած տարի հայկական պատվիրակությունը ամոթալի վարքագիծ դրսևորեց Բաքվում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, այն դեպքում, երբ մյուս կողմում կային ընդհանուր և նույնատիպ խնդիրներ ունեցող Ուկրաինան և Վրաստանը։ Հայկական պատվիրակությունը ծայրից ծայր արդարացրեց, ելույթների մակարդակով սկսած, վերջացրած զեկույցներին և բանաձևերին կողմ քվեարկելով, ռուսական քաղաքականությունը», - մեկնաբանեց Սաֆարյանը։

«Հայաստանը, անշուշտ, չափազանց կախյալ է Ռուսաստանից, և հնարավոր են ճնշումներ: Վրացական և ուկրաինական կողմերը, իհարկե, հասկանում են, որ Հայաստանին պարտադրվել են նման քվեարկություններ»,- շարունակեց Սաֆարյանը, - «Բայց այլ բան է, երբ կրակոտ, բոցաշունչ ելույթներ ես լսում հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանի շուրթերից, որոնք բացահայտ արդարացնում են Ռուսաստանի հակաուկրաինական, հակավրացական, հակամոլդովական և այլ քաղաքականությունները»:

Թինաթին Խիդաշելին երեկ է եռօրյա պաշտոնական այցով ժամանել Երևան: Նախատեսվում է, որ նրան կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Առավոտյան պաշտպանության նախարարությունում ստորագրվեց հայ-վրացական ռազմական համագործակցության 2016թ. ծրագիրը:

Երկկողմ ռազմական հարաբերություններում Սեյրան Օհանյանը առանձնացրեց ռազմավարական պլանավորումը, խաղաղապահությունը և ռազմական կրթությունը:

«Իհարկե, չնայած նրան, որ մեր երկու հանրապետությունները տարբեր անվտանգային համակարգերի մեջ են, այնուամենայնիվ այդ ամենը չի խանգարում, որպեսզի մենք, թեկուզ տարբեր մտադրություններով, բայց համապատասխան հարևանային, բարեկամական հնարավորություններ ստեղծենք մեր տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու համար», - իր ելույթում նշեց Հայաստանի պաշտպանության նախարարը:

Խիդաշելիի այցից առաջ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, ըստ որի Հայաստանը դժվարությունների է բախվում Վրաստանի տարածքով ռազմական բեռների տեղափոխման ժամանակ: Խոսքը նախևառաջ Ռուսաստանից ստացվող բեռների մասին է: Այսօր այս հարցի պատասխանը չկարողացանք պարզել:

«Այսօր մենք ստորագրեցինք ռազմական համագործակցության 2016թ. ծրագիրը, և վստահ եմ՝ առաջիկայում համագործակցության ավելի ընդգրկուն օրակարգ կունենանք, քանի որ հնարավորություններն աճում են: Ինչ վերաբերում է Ադրբեջանին ու Թուրքիային․ երկու երկրներն էլ մեր ռազմավարական գործընկերներն են: Թուրքիան մեզ հարևան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, ինչը մեր համագործակցությունը դարձնում է ավելի խորը և ուժեղ, քան մեր հարևանությամբ գտնվող որևէ այլ երկրի հետ», - մեր հարցին ի պատասխան ասաց Խիդաշելին:

XS
SM
MD
LG