Մատչելիության հղումներ

Ժնևի բանակցությունների հիմնական նպատակը Սիրիայում հրադադարն է


Շվեյցարիա - Սիրիական ճգնաժամի կարգավորմանն ուղղված բանակցությունների բացումը Ժնևում, 29-ը հունվարի, 2016թ․

Շվեյցարիա - Սիրիական ճգնաժամի կարգավորմանն ուղղված բանակցությունների բացումը Ժնևում, 29-ը հունվարի, 2016թ․

Սիրիացի ընդդիմադիրները ժամանեցին Ժնև՝ թեև սկզբնապես հայտարարում էին բանակցությունները բոյկոտելու մասին:

Շուրջ երկու տարվա դադարից հետո սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները վերսկսվեցին:

Թեև սիրիական ընդդիմությունն ի սկզբանե հայտարարում էր բանակցությունները բոյկոտելու մասին, այնուհանդերձ, շաբաթ օրը շվեյցարական Ժնև ժամանեց նաև ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը:

Բանակցությունները, հիշեցնենք, անցկացվում են ՄԱԿ-ի հովանու ներքո:

Սիրիական ընդդիմադիր Բարձրագույն բանակցային կոմիտեում ընդգրկված քաղաքական գործիչները համաձայնել են միանալ բանակցային գործընթացին՝ պայմանով, որ խոսելու են միայն ՄԱԿ-ի դիվանագետների հետ և չեն բանակցելու Բաշար ալ-Ասադի ռեժիմի ներկայացուցիչների հետ:

Հասնելով Ժնև՝ սիրիական ընդդիմության առաջնորդներից Սալիմ ալ-Մուսլաթը լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ իրենք նախ ցանկանում են տեսնել, թե որքան լուրջ է տրամադրված միջազգային հանրությունը՝ լուծելու սիրիական հակամարտությունը և նպաստելու իրենց պահանջների իրականացմանը:

Սիրիական ընդդիմության դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ ընդդիմադիրները չեն բանակցի Ասադի ներկայացուցիչների հետ այնքան ժամանակ, մինչև չիրագործվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը սիրիական քաղաքների շրջափակմանը վերջ տալու և այնտեղ մարդասիրական օգնություն հասցնելու վերաբերյալ:

ՄԱԿ-ի նախաձեռնությամբ և կազմակերպության հատուկ բանագնաց՝ իտալական ծագմամբ շվեդ դիվանագետ Ստեֆան դե Միստուրայի մասնակցությամբ ընթացող բանակցություններում նախատեսվում է քննարկել հրադադարի հաստատման հնարավորությունը, գերիների ազատ արձակման, «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի հարցերը:

Մասնավորապես հրադադարը այս բանակցությունների գլխավոր նպատակն է: Այն ներառում է անցումային փուլ, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի համաձայն պետք է ավարտվի ընտրություններով:

Հիշեցնենք՝ սիրիական ճգնաժամը կարգավորելուն ուղղված նախորդ բանակցությունները տեղի էին ունեցել 2014 թվականի փետրվարին:

2011 թվականի մարտից սկիզբ առած սիրիական հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 250 հազար մարդ, փախստական դարձել՝ շուրջ 11 միլիոնը:

XS
SM
MD
LG