Մատչելիության հղումներ

logo-print

ԱԺ էթիկայի հանձնաժողովը կքննի Շուշան Պետրոսյանի վարքագիծը


Շուշան Պետրոսյանը «Ազատության» երևանյան ստուդիայում, արխիվ

Շուշան Պետրոսյանը «Ազատության» երևանյան ստուդիայում, արխիվ

Հանրապետական պատգամավոր երգչուհու ֆեյսբուքյան գրառումների կապակցությամբ հանձնաժողով է դիմել իրավապաշտպանը:

Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովն այսօր կքննի հանրապետական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի դրսևորած վարքագիծը:

Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչումը կրող պատգամավորը ֆեյսբուքյան գրառումներում «լակոտ» ու «հավուղեղ» էր անվանել պաշտպանության նախարարին քննադատող օգտատերերից մեկին՝ սպառնալով անգամ հանել նրա աչքերը:

Պատգամավորի գրառումները քննելու համար էթիկայի հանձնաժողով դիմած իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Դու պաշտոնատար անձ ես, քո արտահայտությունները ընկալվում են հանրության կողմից որպես չափանիշ, թե ինչպիսին են պետության ներկայացուցչի, նախ, մոտեցումները, իր գնահատականները, և ինչքանով են դրանք թույլատրելի կամ ոչ թույլատրելի: Հիմա էթիկայի հանձնաժողովը ինքը կորոշի՝ արդյոք հարիր է Ազգային ժողովի պատգամավորին օգտագործելու նման բառապաշար»:

Իրավապաշտպանը պնդում է, որ գիտի երգչուհու վարքագծի պատճառները, այն է՝ հանրապետականները երկրորդ կարծիք չեն ընդունում:

«Կա այսպես կոչված անձեռնմխելիության գիտակցում, որ կան որոշակի ինստիտուտներ, որոշակի անձինք, որոնք դուրս պետք է մնան քննադատությունից և օրենքից բարձր, և կան այսպես կոչված «սուրբ կովեր», որոնց ընդհանրապես որևիցե կերպ հասարակ, շարքային քաղաքացին կամ քաղաքացիական հասարակությունը չպետք է նույնիսկ անդրադառնա և [պետք է] զսպի իրեն՝ փոխանակ որ պետք է զսպեն այդ ինստիտուտները՝ պետական ինստիտուտները», - նշեց Սաքունցը:

«Դրա համար, ես հասկանում եմ պաշտպանության նախարարի նկատմամբ Հանրապետական կուսակցության առանձին անդամների և խմբակցության առանձին անդամների այդպես ցավագին արձագանքը քննադատական գնահատականների նկատմամբ, բայց չեմ ընդունում՝ միանշանակ, որովհետև ոչ մեկը չի կարող համարվել անձեռնմխելի՝ ընդհուպ մինչև հանրապետության նախագահը, քանի որ նրա գործողությունները և նրա որոշումները, նրա գործելակերպը՝ դա միայն անձնական տիրույթում չի․ դա թե ինքը իր ընտանիքում ինչպես է վերաբերվում և այլն, և այլն՝ դա իր ընտանիքի անդամներին է վերաբերում, բայց հանրային տարածքում՝ նրանց գործողությունները հենց հանրային նշանակություն ունեն, և հետևաբար հանրությունը պետք է արձագանքի»», - ընդգծեց իրավապաշտպանը:

XS
SM
MD
LG