Մատչելիության հղումներ

Վրացի և ֆրանսիացի խաղաղապահներին մեղադրում են երեխաների բռնաբարելու մեջ


Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում ծառայող Եվրամիության և ՄԱԿ-ի խաղաղապահները բռնաբարել են 12 երեխաների, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով հանձնակատար Զայդ Ռաադ ալ Հուսեինը։

Համաձայն հայտարարության՝ հանցագործությունը տեղի է ունեցել 2014 թվականին, սակայն միայն վերջերս է բացահայտվել։ Տուժած երեխաների խոսքերով՝ հանցագործների թվում եղել են նաև Վրաստանի, Ֆրանսիայի քաղաքացիներ:

ՄԱԿ-ը հայտարարել է, որ նշված երկրները սկսել են հետաքննել բռնաբարությունների մասին հաղորդումները։

«Սրանք չափազանց ծանր մեղադրանքներ են և շատ կարևոր է, որպեսզի խորապես և անհապաղ հետաքննվեն։ Ես զգացված եմ, որ համապատասխան երկրները, ինչպես նաև Եվրամիությունը արձագանքել են։ Դա նշանակում է, որ նրանք լուրջ են վերաբերվում այս սարսափելի մեղադրանքներին», - ասել է Զայդ Ռաադ ալ Հուսեինը։

Միջազգային զորքերը տեղակայվել են Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում, երբ 2013 թվականին մահմեդական ընդդիմադիրները իշխանության եկան հիմնականում քրիստոնյա մեծամասնություն ունեցող այս երկրում ու հրահրեցին կրոնական և միջհամայնքային բռնություններ, որոնք հազարավոր մարդկանց կյանք խլեցին։

Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին հայտարարել է, որ իրենք սկսել են խորը հետաքննություն, և եթե նման դաժան հանցագործությունները հաստատվեն, հանցագործները պատասխանատվության կենթարկվեն։

Վրաստանը միացել է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում ԵՄ ռազմական առաքելությանը 2014 թվականին՝ ուղարկելով150 զինվորներ, որոնց թիվը տարվա վերջին կրճատվել է 85-ի։ 2015 թվականին Վրաստանը այստեղ թողել է 5 սպաների։

ՄԱԿ-ի զորքերն առաջին անգամ չէ, որ մեղադրվում են նման հանցագործությունների մեջ. Բանգլադեշի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Նիգերիայի և Մարոկոյի խաղաղապահների դեմ ևս երեխաների բռնաբարության մեղադրանքներ են առաջադրվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG