Մատչելիության հղումներ

Հիվանդանոցներում, սակայն, այս պահին դեռ շուրջ 700 հիվանդ կա, որոնցից 6-ի վիճակը ծայրահեղ ծանր է։

«Ազատության» հետ զրույցում բժիշկները նշում էին, որ հիվանդացության նվազման միտում կա, սակայն շատ են մարզերից եկող հիվանդները։

«Վերջին օրերին նկատվում է տենդենց նվազման», - ասաց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը: - «Ավելի շատ դիմում են բարդություններով հիվանդները՝ թոքաբորբով: Վերին շնչուղիների հիվանդությամբ հիվանդները պակասել են»:

Մուրացան հիվանդանոցի մանկաբույժ Սաթենիկ Բադալյանն ասաց․ - «Երեկվանից մոտ 75 հիվանդ դիմել է մեր հիվանդանոց, որոնցից 45-ը սպասարկվել է և ուղարկվել տուն: Տրվել են խորհուրդներ և տեղամասային մանկաբույժի հսկողություն: Մնացածը հոսպիտալիզացիայի են ենթարկվել»։

Կառավարությունը չի շտապում սուր շնչառական վարակներ ունեցող հիվանդների բուժման ծախսերն իր վրա վերցնել։ Բուժումն անվճար էր հունվարի 1-20-ը։

«Պիկը դիմելիության 17-18-ի կողմերն էր: Եթե մենք տեսնենք, որ այդ տենդենցը շարունակվում է, նախարարությունը պատրաստ է քննարկել նաև այդ ժամկետը երկարացնելու հարցը», - ասաց Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը՝ հավելելով․ - «Բայց պետք է հասկանանք, որ կունենանք գրիպով, թոքաբորբով, նմանատիպ հիվանդություններով դիմող քաղաքացիներ նաև փետրվարին, մարտին, նոյեմբերին: Մենք չենք կարող ամբողջ տարին այդ արտակարգ ռեժիմով հարցը քննարկել»:

Նա համաձայնեց «Ազատության» դիտարկմանը, որ եղել են դեպքեր, երբ սահմանված ժամկետում էլ հիվանդանոցներում քաղաքացիներից գումար են պահանջել, կամ հրաժարվել են ընդունել անվճար ուղեգրով հիվանդին: Ասաց․ - «Դեպքերը ճշտվել են, մեղավորներն էլ կպատժվեն»։

Ծատուրյանի փոխանցմամբ՝ կառավարությունն անվճար բուժօգնության ապահովման համար այս ընթացքում հիվանդանոցներին առանձին գումար չի հատկացրել։ Նրանք ծախսել են իրենց բյուջեի այն մասը, որը պետպատվերի համար է նախատեսված:

Հարցին՝ այլ խնդրով պետպատվերի դիմած մարդկանց հիվանդանոցները չե՞ն պատճառաբանի, որ իրենց գումարները սպառել են գրիպի համար, պաշտոնյան արձագանքեց․ - «Չեմ կարծում, որ մենք հիմքեր ունենք այս պահին նման մտահոգություն ունենալ»:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը շեշտեց՝ քիչ է հավանական, որ վարակի ալիքը կրկնվի։ Պաշտոնյան նաև հերքեց «խոզի գրիպի»՝ H1N1 վիրուսի մուտացիայի ենթարկվելու մասին լուրերը։

«Ճիշտ է, հայտարարություն եղել է, Ռուսաստանի Գրիպի ինստիտուտի տնօրենն ա, եթե չեմ սխալվում, հայտարարել, որ մուտացիա կա: Բայց պաշտոնական մենք չունենք մեր գործընկերներից։ Երկրորդը՝ մենք նաև համաշխարհային առողջապահության կազմակերպությունից ենք ստացել երկու օր առաջ, որ էապես մուտացիայի չի ենթարկված»:

Դպրոցներն ու մանկապարտեզները կսկսեն աշխատել գալիք երկուշաբթի օրվանից։ Նախարարության պաշտոնյաների հավաստմամբ՝ ամեն օր ջերմաստիճանի մոնիթորինգ կանցկացվի, հարբուխի նշաններ ունեցող երեխաները տուն կուղարկվեն։

Պոլիկլինիկաները առաջիկա հանգստյան օրերին կշարունակեն աշխատել արտակարգ ռեժիմով։

XS
SM
MD
LG