Մատչելիության հղումներ

Իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչների թվաբանությունը չի համընկնում


ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը: 29-ը հունվարի, 2016 թ․

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը: 29-ը հունվարի, 2016 թ․

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում էր Հյուսիս - Հարավ մայրուղուն առնչվող երկու վարկային համաձայնագիր:

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի 40 մլն դոլար վարկով նախատեսվում է առաջիկա տարիներին վերանորոգել մայրուղուն միացող մի շարք մարզային ճանապարհներ: Դրական եզրակացություն տալու համար անհրաժեշտ է, որ փաստաթղթին կողմ քվեարկի հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդը: Հանձնաժողովի 19 անդամներից նիստին ներկա էին 6-ը, որոնցից 4-ը կողմ էին քվեարկել:

Հանձնաժողովի ընդդիմադիր անդամ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ 4-ը ոչ մի կերպ 19-ի մեկ քառորդը չէ․ - «Հիմա մենք մեկ քառորդից պակաս ենք ստացել: Ինչո՞ւ եք վիճում»:

Նիստը նախագահող Արտակ Զաքարյանը (ՀՀԿ) հակադարձեց․ - «Մարդկանց կարողանում ենք կիսե՞լ»:

«Իսկ եթե տասնմեկ անդամ լիներ, դրա մեկ քառորդը ինչքա՞ն կլիներ», - հարցրեց Փաշինյանը՝ ստանալով Զաքարյանի հետևյալ պատասխանը․ - «Տասնմեկ անդամի դեպքում մեկ քառորդը երկուսն ա»:

Արտաշես Գեղամյանը (ՀՀԿ), ով մասնագիտությամբ ճարտարագետ է, ասաց․ - «Եթե քսանի մեկ քառորդը առնվազն 5-ն է, 19-ինը 5 չի կարող լինել: Արդեն դա բացառվում է: Ուրեմն 4 պետք է լինի»:

Տևական բանավեճից հետո Արտակ Զաքարյանը հայտարարեց, որ համաձայնագիրը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Հաջորդ համաձայնագրով, որը ներկայացրեց մայրաքաղաքի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, նախատեսվում է մինչև 2020 թվականը Երևանում կառուցել 17 կիլոմետրանոց ճանապարհ, որը նաև կմիացնի Հյուսիս - Հարավ մայրուղու Աշտարակ - Արտաշատ հատվածները: Ծրագրի համար նախատեսվող 112 միլիոն դոլարից 13 միլիոնը ծախսվելու է խորհրդատվական ծառայությունների համար:

Այս համաձայնագիրը դրական եզրակացություն ստացավ առանց բարդ հաշվարկների, քանի որ նիստին միացավ հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամ Շիրակ Թորոսյանը:

Դրանից հետո կրկին քվեարկության դրվեց առաջին համաձայնագիրը՝ ստանալով արդեն 5 կողմ:

Նիկոլ Փաշինյանը կատարվածն ապօրինություն որակեց՝ հավելելով, որ խնդրին անդրադառնալու է լիագումար նիստում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG