Մատչելիության հղումներ

Մեկ տարի առաջ բացված Կոմիտասի թանգարան-ինստիտուտը շուրջ 26 հազար այցելու է ունեցել


Թանգարանի աշխատակազմն այսօր ասուլիս էր հրավիրել՝ ամփոփելու մեկամյա գործունեությունը:

Թե՛ թանգարանի տնօրենը, թե՛ մյուս աշխատակիցները հավաստիացրին, որ այն մեծ բեռն ու պատասխանատվությունը, որ վերցրել են, պատվով կշարունակեն կատարել նաև առաջիկա տարիներին՝ մեծագույն խոնարհումով ու նվիրումով կոմիտասյան ժառանգության պահպանման, հանրահռչակման ու տարածման համար:

Թանգարանը հարյուր միջոցառում է կազմակերպել՝ համերգներ, դասախոսություններ, գրքերի շնորհանդեսներ, գիտաժողովներ և այլն:

«Եթե փորձենք հակիրճ ձևակերպել այս մեկ տարվա աշխատանքը, ապա այն ընթացել է թանգարանային, գիտական և համերգային ոլորտներում: Հյուրընկալել ենք շուրջ 26 հազար այցելուի, որոնց թվում եղել են պետական պատվիրակություններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, արվեստագետներ, թանգարանագետներ, աշակերտներ, ուսանողներ: Կուզենայի առանձնացնել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի այցը, Քշիշտոֆ Պենդերեցկիի այցը», - ասաց թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոնստանդյանը:

Թանգարանում այս երեկո բացվեց ամերիկուհի Քեթրին Քուքի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը՝ «Ծառերի հիշողություն» խորագրի ներքո: Այն Ցեղասպանության մասին հավաստի ու փաստացի տեղեկությունների երկարատև ու մանրակրկիտ պրպտումների արդյունքում է ծնունդ առել: Քուքը շրջել է աշխարհի տարբեր երկրներում՝ այդ թվում Թուրքիայում, ու լուսանկարել Մեծ եղեռնի ականատեսներին, հայկական պատմամշակութային հուշարձաններն ու այն վայրերն ու բնակավայրերը, որտեղ հայկական հետք է եղել ժամանակին:

«7 տարի ապրելով Ստամբուլում, շրջագայել է ամբողջ Թուրքիայի տարածքով: Որից հետո՝ Լիբանան, Սիրիա, Երուսաղեմ, Ֆրանսիա և Հայաստան: Շփվել է այն բոլոր մարդկանց հետ, ովքեր վերապրել են Ցեղասպանությունը», - նշեց Կոստանդյանը։

Ցուցահանդեսի բացմանը հաջորդեց դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մենահամերգը:

XS
SM
MD
LG