Մատչելիության հղումներ

Սահմանադրական բարեփոխումները լայնորեն քննարկվում են Թուրքիայում


Երեկ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Թուրքիայի սահմանադրական հարթակի նախաձեռնած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կառավարման նախագահական համակարգին անցնելը իր «անձնական ամբիցիաների հարց չէ»։

«Ես ուզում եմ վերջ դնել հետևյալ սխալ մտայնությանը՝ նախագահական համակարգը Թայիբ Էրդողանի անձնական խնդիրը չէ, այն ոչ թե անձնական է, այլ երկրի ապագայի հարցն է», - ասել է նա:

2014 թվականի օգոստոսին նախագահական ընտրություններում հաղթած Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիային ուժեղ նախագահ է պետք: Նաև կարծիք է հայտնել, թե ներկայիս համակարգն անընդունելի է, քանի որ ընտրված նախագահն ու վարչապետը չեն կարող կայուն և ամուր իշխանություն ապահովել:

«Մենք կարծում ենք, որ խորհրդարանական համակարգը հնացել է: Նոր Թուրքիայի կառուցման ճանապարհին երկիրը կարիք ունի նոր սահմանադրության, որը կյանքի կկոչի կառավարման նախագահական համակարգը», - երեկ հայտարարել է նա:

Անցած նոյեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր սահմանադրության հարցը բանավեճ է հարուցել իշխանության և ընդդիմության միջև: Սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ 330 պատգամավորական մանդատից իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ունի միայն 317-ը, ուստի պետք է համաձայնության գա խորհրդարան անցած մյուս քաղաքական ուժերից առնվազն մեկի հետ:

Թեև ընդդիմադիր կուսակցությունները ընդհանուր առմամբ կողմ են սահմանադրական բարեփոխումներին, սակայն նախագահի լիազորությունների ընդլայնման հարցում միակարծիք չեն իշխանական թևի հետ:

Հունվարի սկզբին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հանդիպել էր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ ու քննարկել սահմանադրական բարեփոխումների խնդիրը: Համաձայնության էին եկել, որ 1982 թվականին զինվորական իշխանության կողմից ընդունված գործող սահմանադրությունը ենթակա է փոփոխման, իսկ նոր սահմանադրությունը պետք է հիմնված լինի ազատության, հավասարության, արդարության և մարդու իրավունքների գերակայության սկզբունքների վրա:

Սահմանադրական բարեփոխումների նախագիծը մշակելու համար արդեն ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են խորհրդարան անցած չորս կուսակցությունների պատգամավորներ, որոնց թվում է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը:

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի առաջին նիստը կկայանա փետրվարի 4-ին:

XS
SM
MD
LG