Մատչելիության հղումներ

Այսօր կառավարության նիստում Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը առաջարկեց հարկային չորս տեսչությունները միաձուլման միջոցով վերակազմավորել երկու տեսչության:

Խաչատրյանն առաջարկեց միավորել Կոտայքի ու Նաիրիի տարածքային հարկային տեսչություները՝ կազմավորելով Կոտայքի տարածքային հարկային տեսչություն, որը պետք է տեղակայվի Աբովյան քաղաքում, ինչպես նաև միավորել Էջմիածնի ու Արմավիրի տարածքային հարկային տեսչությունները՝ կազմավորելով Արմավիրի տարածքային հարկային տեսչություն, որը տեղակայվելու է Էջմիածնում:

Նախարարի ընդգծմամբ՝ միաձուլման նպատակը հարկային մարմինների գործունեության համար նախատեսված ծախսերի օպտիմալացումն է:

Գագիկ Խաչատրյանը, սակայն, ոչինչ չասաց՝ արդյո՞ք օպտիմալացման արդյունքում հարկային մարմիններում կրճատումներ եղել են, և եթե այո՝ քանի՞սն են զրկվել աշխատանքից:

Այս մասին ոչինչ նշված չէ նաև կառավարության ընդունած որոշման մեջ:

«Ազատությունը» դիմեց Ֆինանսների նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին՝ հարցերի պատասխանը ստանալու նպատակով, այնտեղից միայն պատասխանեցին․ - «Սկսվել է օպտիմալացման գործընթաց, որի ընթացքի մասին լրացուցիչ տեղեկություն կտրվի»:

Անցած տարվեվերջին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ 2016-ին կառավարության կազմը կկրճատվի՝ ավելորդ ծախսերից խուսափելու համար:

Աբրահամյանը մանրամասներ չէր նշել, ցայսօր մանրամասներ չեն հաղորդել նաև կառավարության այլ անդամները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG