Մատչելիության հղումներ

logo-print

Սպիտակ տունը հայտարարում է՝ Պուտինը կոռումպացված է․ Կրեմլը հակադարձում է


Սպիտակ տան խոսնակ Ջոշ Ըրնեսթ

Սպիտակ տան խոսնակ Ջոշ Ըրնեսթ

Կրեմլի խոսնակը վստահեցնում է, որ եթե ինքը նման բան ասեր Օբամայի հասցեին, իրեն անմիջապես կհեռացնեին աշխատանքից:

Սպիտակ տունը հայտարարում է, որ Պուտինը կոռումպացված է, իսկ Կրեմլը պատասխանում է, որ նման մեղադրանքներն անընդունելի են:

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի նախագահը կոռումպացված է, միանշանակ արտահայտում է ԱՄՆ-ի նախագահի, վարչակազմի դիրքորոշումը, երեկ ասել է Սպիտակ տան խոսնակ Ջոշ Ըրնեսթը:

Սրա հետ մեկտեղ, Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը դժվարացել է պատասխանել լրագրողի հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել հենց Վլադիմիր Պուտինի դեմ: Ըրնեսթն ասել է, որ դա ֆինանսների նախարարության իրավասության հարց է:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով

Կրեմլն արդեն արձագանքել է Սպիտակ տան խոսնակի հայտարարությանը: Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի նախագահը ծանոթ է իր հասցեին հնչած մեղադրանքին և դա անընդունելի է համարում:

Կրեմլի խոսնակը հավելել է, որ Սպիտակ տան մեղադրանքները կապված են 2018 թվականին Ռուսաստանում անցկացվելիք նախագահական ընտրությունների հետ:

Նա ասել է, որ Պուտինը դեռ չի որոշել՝ մասնակցելու է արդյոք այդ ընտրություններին: «Դեռ վաղ է այս մասին խոսելը», - նշել է Պեսկովը:

Բացի այդ, Կրեմլի խոսնակի փոխանցմամբ, ռուսական թեման Միացյալ Նահանգներում օգտագործում են ներքաղաքական նախընտրական գործընթացներում․ - «Այնտեղ նախագահական արշավ է, և մենք տեսնում ենք, թե ինչպես են թեկնածուները Պուտինի վերաբերյալ օբյեկտիվ և սուբյեկտիվ քննադատությամբ հանդես գալիս ու բառացիորեն մրցում են, թե ով ավելի սուր քննադատությամբ կներկայանա»: Պեսկովը նկատել է, որ հանրապետական Դոնալդ Թրամփը խոսում է Պուտինի հանդեպ իր համակրանքի մասին, իսկ նրա ընդդիմախոս դեմոկրատները նրան այսպես են պատասխանում, թե՝ «տե՛ս, ում հետ ես դու ուզում հանդիպել»:

Այսպես է մեկնաբանել Պեսկովն իր ամերիկացի գործընկերոջ հայտարարությունը և, ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, հավելել, որ եթե ինքը նման բան ասեր Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հասցեին, իրեն միանգամից կհեռացնեին աշխատանքից:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների ֆինանսների փոխնախարարի պաշտոնակատար Ադամ Շուբինը BBC-ի պատրաստած «Պուտինի գաղտնի հարստությունը» վավերագրական ֆիլմում ասել էր՝ ԱՄՆ-ը համարում է, որ Պուտինը կոռումպացված է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG