Մատչելիության հղումներ

logo-print

Գևորգ Սաֆարյանը քաղաքական բանտարկյալ չէ։ Այդ մասին «Ազատության» հարցին ի պատասխան ասաց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Հայաստանում քաղբանտարկյալներ պարզապես չկան։ Տեսանյութը չէ այն չափանիշը, որով ես կարող եմ անմիջապես եզրահանգում անել` քաղաքական բանտարկյալ է, թե ոչ», - ասաց Հովհաննիսյանը։

Արդարադատության նախարարը նշեց, որ ամենօրյա ռեժիմով հետաքրքրվում է Սաֆարյանից և շատ լավ տեղեկացված է, թե յուրաքանչյուր օր ինչ է եղել, ինչպես է եղել, և իր անձնական հսկողության տակ է այդ ամենը։

Հարցին, թե ճնշումներ եղե՞լ են ակտիվիստի նկատմամբ, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Ստուգումներ եղել են, որևէ բռնաճնշում նրա նկատմամբ չի եղել, որոշակի դժգոհություններ սկզբում եղել են խցի հետ կապված, այնուհետև թե՛ դիտորդական խումբը, թե՛ իրավապաշտպան կազմակերպությունները նրան այցելել են, նրա հետ զրուցել են, նա այդ պահի դրությամբ, երբ որ եղել է խցում, նա ասել է, որ այդ պահին իր մոտ ամեն ինչ նորմալ է և որ եթե այդպես շարունակվի, ոչ մի խնդիր չի լինի, և, եթե չեմ սխալվում, մինչ այս պահը նրա մոտ ոչ մի խնդիր չկա»։

Ամանորի գիշերը, հիշեցնենք, Ազատության հրապարակում ընդդիմադիր «Նոր Հայաստան»-ի անդամների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներից հետո «Նոր Հայաստան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանն ու 4 ակտիվիստներ բերման ենթարկվեցին ոստիկանություն՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։ Սաֆարյանին ձերբակալեցին, մնացածին ազատ արձակեցին։

Հունվարի 3-ին Գևորգ Սաֆարյանին մեղադրանք առաջադրվեց, նա երկու ամսով կալանավորվեց:

Կալանավորումից հետո Սաֆարյանը պարբերաբար հայտարարում է իր նկատմամբ ճնշումների մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG