Մատչելիության հղումներ

Ռուս-վրացական պատերազմը` Միջազգային քրեական դատարանի քննության առարկա


Վրաստան - Հաագայի դատարանի ներկայացուցիչ Ֆաթու Բենսուդան Թբիլիսիում ասուլիսի ժամանակ, 16-ը հոկտեմբերի, 2015թ.
Վրաստան - Հաագայի դատարանի ներկայացուցիչ Ֆաթու Բենսուդան Թբիլիսիում ասուլիսի ժամանակ, 16-ը հոկտեմբերի, 2015թ.

Հաագայում գտնվող Միջազգային քրեական դատարանը սկսում է 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ընթացքում արձանագրված ռազմական հանցագործությունների հետաքննությունը: Դատարանի երեք անդամների կողմից երեկ կայացված որոշման համաձայն՝ գամբիացի Ֆաթու Բենսուդան ղեկավարելու է քննչական այն խումբը, որն առաջիկայում կզբաղվի քաղաքացիական անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի առթիվ ապացույցների փնտրտուքով:

«Իմ ղեկավարած գրասենյակը դեռ անցած տարվա հոկտեմբերին էր դիմել հետաքննության մեկնարկի պաշտոնական թույլտվություն ստանալու խնդրանքով` հիմք ընդունելով մեր տրամադրության տակ գտնվող հավաստի և մանրակրկիտ վերլուծության ենթարկված տեղեկությունները Վրաստանի տարածքում կատարված հնարավոր հանցագործությունների մասին: Դրանցում ներգրավված են եղել հակամարտության բոլոր երեք կողմերը` Վրաստանի զինված ուժերը, Հարավային Օսիայի ստորաբաժանումներն ու Ռուսաստանի զինված ուժերը», - իր տեսաուղերձում հայտարարում է Բենսուդան` նշելով, որ Միջազգային քրեական դատարանի կողմից օգոստոսյան պատերազմի ժամանակ կատարված ռազմական հանցագործությունների հետաքննության անհրաժեշտությունը ծագեց այն բանից հետո, երբ 2015 թվականի մարտին Վրաստանը անորոշ ժամկետով դադարեցրեց այս գործի հետաքննությունը: Բացի այդ, ըստ Բենսուդայի, իր ղեկավարած կառույցը շարունակում է հետևել նույն այս գործով Ռուսաստանի իրավապահների կողմից իրականացվող և այժմ էլ շարունակվող հետաքննությանը:

«Դատավորների` այսօր կայացրած որոշումը նշանավորում է հետաքննության մեկնարկը: Հնարավոր կասկածյալները ի հայտ կգան միայն դրա հետագա փուլերում` կախված մեր կողմից հավաքագրված ապացույցների բնույթից: Միայն այն դեպքում, երբ ձեռք բերված ապացույցները վկայեն, որ այս կամ այն անձը Քրեական դատարանի կողմից որպես հանցագործություն դիտարկվող արարք է կատարել, քննչական խումբը կանցնի գործողությունների հաջորդ փուլին: Երբ անհրաժեշտ պահը գա, մենք կդիմենք դատարանին` քրեական պատասխանատվության ենթակա անձանց ձերբակալության կամ բերման ենթարկելու միջնորդությամբ», - հայտարարում էր Միջազգային քրեական դատարանի ներկայացուցիչը:

Հաագայի դատարանի` հետաքննություն սկսելու որոշման մեջ նշված են ռազմական հանցագործությունների այն կոնկրետ տեսակները, որոնց շուրջ ծավալվելու է ապացույցների փնտրտուքը: Միջազգային քրեական դատարանի դատավորների վճռի համաձայն՝ Բենսուդայի ղեկավարած խումբը հետաքննելու է «2008 թվականի հուլիսի 1-ից հոկտեմբերի 10-ը ընկած ժամանակահատվածում, միջազգային զինված հակամարտության համատեքստում կատարված կանխամտածված սպանությունները, խաղաղ բնակչության բռնի տեղահանման և հետապնդումների դեպքերը, կանխամտածված հարձակումները խաղաղապահների վրա, դիակապտության և ուրիշի ունեցվածքի ոչնչացման դեպքերը»:

2008 թվականի օգոստոսի 8-13-ը շարունակված պատերազմի ընթացքում, տարբեր կողմերից հնչող գնահատականների համաձայն, զոհվել է մոտ 400 խաղաղ բնակիչ: Հարավային Օսիայում բնակվող 15 հազար վրացիները ստիպված էին լքել մշտական բնակության վայրերը: Ռուսական պաշտոնական աղբյուրների պնդմամբ էլ՝ վրացական կողմից պատերազմի առաջին ժամերին իրականացված հարձակումների ու գնդակոծությունների հետևանքով զոհվել էին Հարավային Օսիայում տեղակայված խաղաղապահ ստորաբաժանման 15 զինծառայողներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG