Մատչելիության հղումներ

Խոշոր հարկատուները 2015-ին ավելի քիչ հարկ են վճարել նախորդ երկու տարիների համեմատ


«Կոնտուր գլոբալ»-ի գրասենյակը Հայաստանում

«Կոնտուր գլոբալ»-ի գրասենյակը Հայաստանում

Հայաստանի հազար խոշոր հարկատուները 2015-ին ավելի քիչ հարկ են վճարել ոչ միայն 2014-ի, այլև՝ 2013 թվականի համեմատ:

Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն, անցած տարի առաջին հազար խոշորը հարկատուները վճարել են 696.5 միլիարդ դրամ, ինչը 2014-ի նույն ցուցանիշից պակաս է 4 միլիարդով։ Բայց եթե Հայաստանի խոշորագույն ընկերությունների վճարած հարկերը վերածում ենք դոլարի, ապա անկումը ավելի ակնառու է դառնում՝ անցած տարի վճարել են 1 միլիարդ 457 միլիոն դոլար, 2014-ին՝ 1 միլիարդ 684, իսկ 2013-ին՝ 1 միլիարդ 623 միլիոն դոլար, և սա այն պարագայում, երբ, դարձյալ ըստ պաշտոնական տվյալների, 2009 թվականից հետո Հայաստանում միշտ տնտեսական աճ է եղել:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանի խոսքով, սա կարող է երկու բացատրություն ունենալ.- «Կամ կա ստվերայնության գործոնը, կամ տնտեսական աճը որևէ կերպ չի ամրապնդում եկամտաստեղծ, հարկային տեսանկյունից ավելի հեռանկարային համարվող ոլորտների զարգացումը։ Այսինքն որևէ աղերս չունի իրականության հետ»։

Ըստ Մանուկյանի, եթե հաշվի չառնենք Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վճարած անսովոր մեծ հարկը՝ գրեթե 17 միլիարդ դրամ, և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից պետբյուջե փոխանցված կանխավճարը, ապա պատկերը ավելի մռայլ կդառնա:

Հինգ տարվա ընթացքում՝ 2010-2014թ.թ․ Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը ընդհանուր առմամբ վճարել է 6.6 միլիարդ դրամ հարկ՝ ավելի քան 2.5 անգամ քիչ, քան վճարել է միայն 2015-ին։ Տնտեսագետը հիշեցրեց, որ անցած տարի համալիրը վաճառվեց ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությանը, և այդ 17 միլիարդն էլ, ըստ էության, նաև վաճառքից ստացված գումարն է:

«Սա նշանակում է, որ այդ գործարքի արժեքը որոշակիորեն արտացոլվել է այստեղ։ Այդ տեսանկյունից մենք պետք է նշենք, որ իրավիճակը շատ ավելի վատ է, քան իրականությունը, որովհետև եթե զտենք նման կարգի գործարքները, ավելի ցածր կլինի բազան, քան ներկայացված թիվը»,- նշեց Մանուկյանը։

Խոշորագույն ներկրողը ավելի քիչ հարկ է վճարել, քան նախորդ հինգ տարիներին

Ֆինանսների նախարարության տվյալները վկայում են, որ խոշորագույն ներկրողը՝ «Ալեքս Գրիգ» ընկերությունը, ով ըստ լրատվամիջոցների Հայաստան մի շարք ապրանքների ներկրման մոնոպոլիստն է և կապվում է Ազգային ժողովի մեծահարուստ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ, 2015 թվականին վճարել է 38.1 միլիոն դոլար, ինչը ամենափոքր ցուցանիշն է 2009 թվականի տնտեսական ճգնաժամից ի վեր: Անգամ հետճգնաժամային առաջին տարում՝ 2010-ին, «Ալեքս Գրիգ»-ը վճարել էր մոտ 6 միլիոն դոլարով ավելի՝ 44 միլիոն դոլար:

2015-ին՝ 2014-ի համեմատ, դոլարով արտահայտված քիչ հարկ են մուծել նաև մյուս խոշոր ներկրողները՝ «Նատալի ֆարմ», «Քեթրին գրուպ» և այլ ընկերությունները:

Արտակ Մանուկյանի խոսքով, եթե սա ատվերայնության աճ չէ, ուրեմն ունի մեկ բացատրություն.- «Պետք է ուսումնասիրել իրենց հասույթի մակարդակը՝ նաև բնեղեն ցուցանիշներով, այսինքն՝ քանի տոննա կամ քանի կիլոգրամ են էդ անվանացանկից գնել, և ակնհայտ է, որ եթե տոննաներով պակասել է, սա նշանակում է, որ տնտեսական աճի արդյունքը բնակչությունը որևէ կերպ չի զգացել և գնալով նվազեցրել է իր սպառումը 2010 թվականից ի վեր»։

Թերակատարվել է պետբյուջեի հարկային մասը

Եթե խոսենք ընդհանուր հարկերի մասին, ապա կառավարությունը ավելի քիչ հարկ է հավաքել, քան նախատեսել էր 2015 թվականի պետբյուջեով: Նախատեսել էր 1 տրիլիոն 138 միլիարդ դրամ, հավաքել է՝ 1 տրիլիոն 65 միլիարդ՝ 73 միլիարդ դրամով պակաս:

Ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը մոտ մեկ շաբաթ առաջ անկեղծացավ՝ պատճառը սպասվածից ցածր տնտեսական աճն է.- «2015 թվականին հարկային եկամուտների պլանը թերակատարվեց: Պատճառը հիմնականում բոլորին հայտնի է․ դա մեր ՀՆԱ-ի նախատեսվածից ավելի ցածր ցուցանիշներ ունենալն էր»։

XS
SM
MD
LG