Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաներն այսօր Բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի կապակցությամբ Եռաբլուրում էին։

Բանակի կազմավորմավան 24-րդ տարեդարձին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այսօր առավոտյան այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն։​

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով, բանակն այսօր վստահ ու պատվով է կատարում իր ծառայությունը։

«Կարծում եմ, որ մեր բանակի այսօրվա մարտունակությունը թույլ է տալիս ասելու, որ բանակը տարածաշրջանում փոխգործունակ բանակ է, մրցունակ բանակ է և նաև բանակը հաղթանակած բանակ է։ Բանակն ամեն օր մեր սահմաններում՝ Արցախում, շփման գծում իր առջև դրված քննությունը հանձնում է գերազանց կերպով։ Շնորհավորում եմ մեր բոլորիս տոնը», - ասաց պաշտպանության նախարարը։

Եռաբլուր եկած պաշտոնյաներն այսօր պերճախոս չէին թեմայից դուրս հարցերում։ Նախագահ Սերժ Սարգսյանը սահմանափակվեց մեկ բառով՝ «շնորհավորում եմ»։ Տասնյակ թիկնապահներով շրջապատված նախագահին այլևս մոտենալ չհաջողվեց։

Սերժ Սարգսյանին իրենց ասելիքը չկարողացան տեղ հասցնել նաև հեռավոր սահմանամերձ բնակավայրերից Եռաբլուր եկած քաղաքացիները։ «Զոհվածի ծնող եմ, էն խնդիրն ունեմ, որ ոչ մի բանով սոցիալապես դեռ չեն ապահովել, ոչ մի բանով, նամակներն էլ գրված, մնացել են սեղանի վրա։ Ոստիկանները կանգնեցին Սերժ Սարգսյանի դիմացը ու չթողեցին մոտենանք։ Սա բռնապետություն չէ, որ մեզ չթողեցին, նախագահին ի՞նչ էինք անելու՝ ոչ մի բան, ուղղակի հարցն ուղղելու էինք, որ սահմանամերձ գոտու բնակիչ ենք, Արմաշում ենք ապրում, մի բանով գյուղին, մեզ, դպրոցին աջակցեին», - ասաց «Ազատության» զրուցակիցը։

Զինված ուժերին չվերաբերող հարցերին Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հեգնանքով արձագանքեց։ «Պրիմիտիվ եք, բացե՛ք դեմս, զբաղվե՛ք ձեր գործով», - ասաց ոստիկանապետը լրագրողներին։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ չխոսեց կառավարությունում ակնկալվող կրճատումների, կոալիցիայի ու գազի գնի շուրջ ռուսական կողմի հետ բանակցությունների վերաբերյալ։ «Բա մենք որոշել ենք բանակի մասին խոսել», - ասաց վարչապետը՝ շարունակելով. - «Այս անկախության տարիների ընթացքում մենք կարողացանք ունենալ մի կառույց, մի ինստիտուտ, որը ոգևորում է հայ ժողովրդին, դա Հայոց բանակն է, և մենք իրոք հպարտանալու տեղ ունենք, քանի որ մեր ձեռքբերումը շատ մեծ է էդ անկախության տարիներին, որն ապահովում է մեր պետության, մայր հայրենիքի և հայկական երկրորդ հանրապետության անկախությունը»։

Կառավարությունում սպասվող ձևափոխումների մասին խոսեց Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը՝ չբացառելով, որ իր ղեկաղավարած կառույցը կարող է միավորվել ոստիկանության հետ։ «Ամեն ինչ հնարավոր է», - ասաց Հակոբյանը։

Այսօր թանկարժեք «Ռենջ Ռովեր» մեքենայով Եռաբլուր էր եկել նաև Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ում անունը շրջանառվում է գործարար Փայլակ Հայրապետյանի սնանկացման և օֆշորային գործում։ Վերջինս անգամ հարցաքննվել է սկանդալային այս գործով դատավարությանը, սակայն այսօր նախընտրեց չխոսել այդ թեմայով։ «Ցտեսություն, ժողովուրդ», - ասաց Կճոյանը։

Լրագրողի հարցին, թե բան չունի՞ ասելու հանրությանը, Կճոյանը պատասխանեց. - «Դու հանրություն չես ինձ համար։ Դուք ինձ ձանձրացրեցիք»։

XS
SM
MD
LG