Մատչելիության հղումներ

Հարցում. Ռուսաստանում Պուտինի վարկանիշը նվազել է


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Կրեմլում, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Կրեմլում, արխիվ

«Լևադա»-ի հետազոտությունը ցույց է տալիս, որ ռուսաստանցիների շրջանում մեծանում է մտահոգությունը երկրի տնտեսական վիճակի առնչությամբ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը նվազել է, այն այսօր կազմում է 82 տոկոս՝ նախկին 86-ի փոխարեն։ Այդ են վկայում «Լևադա» կենտրոնի հունվարին անցկացրած հարցումները։

Ըստ հանրային հարցումներ անցկացնող կենտրոնի հետազոտությունների, Պուտինը նմանատիպ վարկանիշ է ունեցել նաև 2014 թվականի մարտին՝ մինչև Ղրիմի անեքսիան։ Ուշագրավ է, որ Ղրիմի անեքսիայից հետո, հարցմանը մասնակցած ռուսաստանցիների կեսից ավելին բացասական պատասխան է տվել հարցին՝ արդյոք ճի՞շտ ուղղությամբ է շարժվում Ռուսաստանը, դրական է պատասխանել ռուսաստանցիների միայն 45 տոկոսը։

«Վերջին կես տարվա ընթացքում իր կարծիքը դրականից բացասականի է փոխել ռուսաստանցիների մոտ 15 տոկոսը», - ասված է «Լևադա»-ի զեկույցում։

Հարցին, թե արդյո՞ք զարգացումները երկրում տանում են դեպի փակուղի, դրական է պատասխանել հարցվածների 34 տոկոսը։ Համեմատության համար նշենք, որ նույն հարցին հունիսին դրական էր պատասխանել միայն հարցվածների 22 տոկոսը։

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի վարկանիշը նույնպես նվազել է՝ մինչև 56 տոկոս։ Նրա ղեկավարած կառավարության գործունեությունը դրական է գնահատել հարցվածների կեսը միայն՝ 50 տոկոսը։

Այդուամենայիվ, «Լևադա» կենտրոնի փորձագետները նկատում են, որ և՛ Պուտինի, և՛ ընդհանրապես կառավարության վարկանիշը Ռուսաստանում այսօր ավելի բարձր է, քան եղել է մինչև 2014 թվականի մարտը։

Այդուհանդերձ, հարցումները ցույց են տվել, որ ռուսաստանցիների շրջանում մեծանում է մտահոգությունը երկրում ստեղծված տնտեսական վիճակի շուրջ։ Թեև, ըստ կենտրոնի, ռուսաստանցիների մոտ հայրենասիրական տրամադրությունները գերակշռում են երկրում առկա տնտեսական ճգնաժամից դժգոհության նկատմամբ։

XS
SM
MD
LG