Մատչելիության հղումներ

Ջրաշենցիները, մինչդեռ, լավ են հիշում խոստումները, թե 2015-ի ավարտին այլևս երկրաշարժից անօթևան դարձած ընտանիք չէր լինելու։

Արդեն երեք տարի է՝ կառավարությունն ավարտին չի հասցնում աղետի գոտում կիսատ թողած շինարարությունը։ Ջրաշենցիները, մինչդեռ, լավ են հիշում խոստումները, թե 2015-ի ավարտին այլևս երկրաշարժից անօթևան դարձած ընտանիք չէր լինելու։

Դեռևս 2014-ին կառավարությունը Շիրակի մարզպետարանին հատկացրեց 1.5 միլիարդ դրամ՝ աղետի գոտու բնակարանային խնդիրների լուծման համար: Սակայն Շիրակի և Լոռու մարզերում պետական ծրագրում ներառված մոտ 900 ընտանիքի բնակարանային խնդիր դեռևս լուծված չէ:

«Երրորդ տարին է, ինչ կիսաքանդ է սա։ Շինարարությունը կասեցրեցին, «Գլենդել Հիլզ»-ը փակվեց, սենց կիսակառույց մնացին, մի հատ էլ ձյուն լինի, անձրև, մառոզները տան, սրանք կդառնան շահագործման համար ոչ պիտանի»,- ասում է Ջրաշենի գյուղապետի տեղակալ Համլետ Սաֆարյանը.- «Էս տարի խոսք են տալիս, տեսնենք՝ կիրականացվի՞, թե՞ նույն վիճակով պետք է մնա»։

Լոռու մարզի Ջրաշեն գյուղում 36 ընտանիք դեռ ապրում է փտող տնակներում: Գյուղապետի տեղակալը մեկը մյուսի ետևից թվարկում է կիսակառույցներն ու ցավով նշում՝ տարիներ առաջ լայն թափով սկսված շինարարությունը կանգ առավ.- «Երևի գումարը վերջացել էր շինարարության, դրա համար կիսատ մնաց»։

Թովմասյանների 6 հոգանոց ընտանիքը դեռ սպասում է կառավարության պատասխանին, թե երբ ի վերջո կվերսկսվի շինարարությունը.- «Երեք տարի է՝ բետոնը լցրած, անձրևի, արևի տակ կամաց քայքայվում է, պոլը նույնպես։ Մնացել է, երեք սենյականոց պետք է լիներ»,- ասում է Համազասպ Թովմասյանը։

Համազասպի ընտանիքն ապրում է ինքնաշեն տնակում, անցած 27 տարիներին փայտաշեն սենյակները հարմարեցնելով՝ փորձել են այն տեսքի բերել։ 85-ամյա Սուրեն Թովմասյանը ցույց է տալիս խոնավ պատերով նեղ, սառը սենյակներն ու հիշում իշխանությունների խոստումները աղետին գոտին վերականգնելու վերաբերյալ։ «Երկրաշարժին շեն տուն եմ ունեցել, երեք տեղով տուն կորցրի, կառավարությունը գոռում էր, թե տուն կկառուցենք, ով տուն է կորցրել, հիմա երկրաշարժից հետո ծնված երեխեն տուն ունի, իսկ ես չունեմ։ Էս 7 տարի է մեծ թոռս բանակից եկել է, չենք կարում նշանենք»։

75-ամյա Բելնիցար Մելոյանի ընտանիքը, հույսը կառավարությունից կտրած, սեփական ուժերով է փորձում բարեկարգել ժամանակավոր կացարանը։ «Երկրաշարժից առաջ ես 240 քառակուսի մետր տարածք եմ ունեցել, բայց մինչև հիմա դոմիկների մեջ թափառում եմ։ Հույս էլ չեն տալիս։ Մեղք չե՞մ ես, ինչքա՞ն պտի դոմիկի մեջ փտեմ»,- հարցնում է նա։

Մելոյանի տնակից քիչ հեռու Դավթյանների կացարանն է. ընտանիքը ստիպված երբեմնի նկուղը տուն է դարձրել ու տասնամյակներ է ապրում է միայն տան հույսով։ Տանտիկինը՝ Արևիկ Գասոյանը ցույց է տալիս բորբոսնած պատերը.- «Էս բորբոս է եղել, քերում ենք, էլի առաջանում է։ Սարքել չի լինի, խոնավությունը չի անցնում»։

«Ազատության» հարցմանն ի պատասխան՝ քաղաքաշինության նախարարությունից փոխանցեցին՝ աղետից անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդրի ամբողջական լուծումը հիմա էլ հետաձգվել է մինչև 2016-2017 թվականներ՝ կառուցապատողի պատճառով: Տարիներ առաջ կառավարությունը աղետի գոտու վերականգնման ծրագրի կառուցապատման պատվերը տվել էր «Գլենդել Հիլզ»-ին, որը ամիսներ առաջ սնանկ ճանաչվեց: Այս տարվա բյուջեով աղետի գոտու համար հավելյալ 3.4 միլիարդ դրամ է նախատեսվել, որը հատկացվելու է արդեն կիսակառույցների սեփականատերերին՝ շինարարությունն ավարտին հասցնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG