Մատչելիության հղումներ

Պուտինի նախկին կնոջ ամուսնության լուրը դարձել է ռուսական ինտերնետի ամենաքննարկվող թեման


Գրաֆիտի Ռուսաստանում, արխիվ
Գրաֆիտի Ռուսաստանում, արխիվ

Արդեն մի քանի օր է՝ ռուսաստանյան ինտերնետի ամենաքննարկվող թեման Ռուսաստանի նախկին առաջին տիկին Լյուդմիլա Պուտինայի ամուսնությունն է և նրա ազգանվան փոփոխությունը։

НТВ դաշնային հեռուստաընկերությունը, որը Կրեմլից ամենաշատը կախման մեջ գտնվող լրատվամիջոցներից է, երեկ Պուտինայի ամուսնության մասին մի տեսանյութ էր եթեր հեռարձակել, սակայն այն կարողացել են դիտել միայն Ռուսաստանի արևելյան շրջանների բնակիչները։ Ցերեկն այն արդեն հանել են եթերից, և այս երջանիկ պատմության մասին ռեպորտաժը, որ ռուսաստանցիներից գոնե մեկը՝ Լյուդմիլան, կարողացել է նոր կյանք սկսել առանց Պուտինի, դիտել են ոչ բոլորը։

Այսօր ռեպորտաժը հասանելի է միայն «Յութուբ»-ում։ Ռուսական ինտերնետը ամենաշատը հենց այս հարցն է քննարկում՝ ինչո՞ւ են Կրեմլում սկզբից թույլ տվել, որ ռեպորտաժը եթեր գնա, իսկ հետո եթերից այն հանել են։

НТВ-ն այդ սյուժեում պատմում է, որ Վլադիմիր և Լյուդմիլա Պուտինների բնակարանը Սանկտ Պետերբուրգում վերաձևակերպվել է, և այժմ սեփականատերը Լյուդմիլա Օչերտնայան է։

Առաջինն այս պատմության մասին գրել է «Սոբեսեդնիկ» թերթը, որի լրագրողները ուսումնասիրել են նաև Լյուդմիլա Պուտինայի ֆեյսբուքյան էջը և պարզել, որ նրա նոր ամուսինը 39-ամյա Արթուր Օչերտնին է։ Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ Օչերտնին «Լիտերատուրնայա ուչյոբա» հրատարակչության տնօրենն է։

Լրագրողները գրում են, որ Պուտինան պաշտոնապես փոխել է իր ազգանունը, սակայն «Ֆեյսբուք»-ում դեռ հին ազգանունով է և բավականին ակտիվ օգտատեր է։

Կրեմլը այս տեղեկությունը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը պարզապես ասել է, որ Լյուդմիլա Ալեքսեևնան Պուտինի նախկին կինն է, և ինքը իրավասու չէ որևէ բան ասել նրա անձնական կյանքի մասին։

Ռուսաստանի նախագահն ու Լյուդմիլա Պուտինան հրապարակավ առաջին անգամ 2013 հունիսին են հայտարարել, որ այլևս ամուսիններ չեն։

«Այո, մեր ամուսնությունը ավարտված է, որովհետև մենք վերջերս գրեթե իրար չենք տեսնում»,- լրագրողներին ասել էր Ռուսաստանի նախկին առաջին տիկինը։

Ռուսական անկախ լրատվամիջոցները և արևմտյան մամուլը արդեն մի քանի տարի է գրում են, որ Վլադիմիր Պուտինի նոր կինը հայտնի մարմնամարզուհի Ալյոնա Կաբաևան է, սակայն պաշտոնապես այս լուրը ոչ ոք չի հաստատել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG