Մատչելիության հղումներ

logo-print

Երևանցիների ճնշող մեծամասնությունը դժգոհ է համատիրությունների աշխատանքից


Եզակի օրինակ է, թերևս, Ծարավ Աղբյուրի փողոցում երկու նորակառույց շենքերի համատիրության աշխատանքը:

Այստեղ բնակիչները հստակ գիտեն՝ համատիրությանը վճարված փողերը ջուրը չեն գնում՝ մուտքը մաքրում են, վերելակը սարքին է, փչացած լամպերը ժամանակին փոխվում են: Համատիրության հաշվետվությունն էլ փակցված է շենքի մուտքի մոտ:

Այս համատիրության նախագահ Էմիլ Սարգսյանը վստահ է, որ կառավարման ճիշտ մոդելի ընտրության ու թափանցիկ աշխատանքի շնորհիվ է հնարավոր եղել ապահովել համատիրության նորմալ աշխատանքը․ - «Եթե դու ամեն մի ծախս ներկայացնում ես բնակչին, ինքը տեսնում է․․․ կարևորը, որ դու բնակչին չխաբես»:

Մինչդեռ Կենտրոն համայնքի բնակիչ Էրիկ Գևորգյանը տարիներ շարունակ իրեն խաբված է զգում: «Ե՛վ համատիրությանն ենք վճարում, և՛ առանձին փող հավաքում մուտքը մաքրելու, դուռը փոխելու և շենքի այլ ծախսերի համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա՝ ավելացնելով, թե հիմա էլ տանիքը նորոգման կարիք ունի, իսկ համատիրությունից ասել են, թե չեն նորոգի, քանի դեռ շենքի բոլոր բնակիչները չեն մարելը պարտքերը, և հորդորել, որ պարտաճանաչ բնակիչները համոզեն անպարտաճանաչ հարևաններին:

Համատիրությունների աշխատանքից դժգոհ էին քաղաքի տարբեր հատվածներում: Մարդիկ ասում էին, թե համատիրության աշխատողին տեսնում են միայն փող հավաքելու օրերին:

«Ոչ մի աշխատանք չի կատարվում: Իզուր տեղը ամիսը երկու հազար դրամ եմ մուծում իմ բնակարանի համար: Եթե այդ գումարը կոնկրետ շենքի համար լինի, լավ կլինի, բայց այն ընդհանուր է․ 5-10 շենքի համատիրության մեկ նախագահ կա: Նա այդ գումարները ոնց ուզում, այնպես էլ տնօրինում է», - ասաց միջին տարիքի մի երևանցի:

Համատիրությունների վատ աշխատանքի մասին բազմաթիվ բողոքներ է ստանում նաև Համատիրությունների ասոցիացիայի նախագահ Արամ Գրիգորյանը: Ընդունելով, որ դրանցից շատերն այսօր ձևական բնույթ են կրում՝ Գրիգորյանը գտնում է, որ մեղավոր են նաև բնակիչները, որոնք պատշաճ վերահսկողություն չեն իրականացնում:

«Բյուջեն որոշակի հաստատուն ծախսեր է պահանջում․․․ Հաշվապահը պիտի ստանա՞ աշխատավարձ, կառավարիչը պիտի ստանա՞ աշխատավարձ․․․ Ի՞նչ է ստացվում․ երբ որ ամբողջ բյուջեն չի հավաքում, հավաքվում է քիչ գումար, այն գնում է այդ ուղղակի ծախսերին: Արդյունքում երևում է, որ որևէ բան շենքում չի իրականացվում: Մեծ համատիրություններում, ճիշտ է, տեսականորեն թղթի վրա գրում են բյուջեները, բայց որևէ մեկը չի հետևում, որ աշխատանքները պետք է իրականացվեն համաձայն այդ բյուջեի», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Համատիրությունների ասոցիացիայի նախագանն ընդունում է, որ կառավարման ճիշտ մոդելով աշխատելու դեպքում կարելի է և՛ եկամուտ ստանալ, և՛ շենքերի խնդիրները լուծել: Մինչդեռ այսօր մայրաքաղաքի շենքերի զգալի մասը միավորված են ընդամենը մի քանի համատիրություններում: Օրինակ բերելով ամբողջ Կենտրոնը սպասարկող ընդամենը երկու համատիրությունները՝ Գրիգորյանը պնդում է, որ դժվար է սպասարկվող հարյուր հազարավոր բնակիչների մեջ սեփական շենքի խնդիրներն առաջ տանել ու լուծել:

«Ես չեմ համարում, որ Կենտրոն համայնքում համատիրություններ գոյություն ունեն: Օրինակ, Կենտրոնի համատիրություններից մեկը Գյումրի քաղաքից մեծ է իր բնակչության քանակով և շենքերի քանակով: Դա համատիրություն չի, դա ուրիշ բան է ուղղակի: Կասեք ինչո՞ւ է այդպես․․․ Դե, այդպես է: Բիզնես է, շատ մութ բիզնես է», - ասաց Համատիրությունների ասոցիացիայի նախագահը՝ հավելելով, որ նաև օրենսդրական կարգավորումների խնդիր կա:

XS
SM
MD
LG