Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանում ակնկալում են Իրանի հետ առևտրաշրջանառության աճ


Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյան, արխիվ

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյան, արխիվ

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի փոխանցմամբ՝ Հայաստանի և Իրանի ձեռնարկած քայլերի արդյունքում առաջիկայում երկկողմ առևտուրն աճելու է:

Գաբրիելյանը չմանրամասնեց, թե ո՞ր ուղղություններով է աճը սպասվում՝ նշելով, սակայն, որ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացումից հետո կառավարությունն ու գործարարները քայլեր են ձեռնարկում այդ նպատակով․ - «2015 թվականին, երբ հանդիպում տեղի ունեցավ, միայն [էկոնոմիկայի] նախարարը չգնաց [Իրան], այլև մենք մեկ ամբողջ ինքնաթիռ ունեցանք՝ գնացին գործարարներ, հանդիպեցին և, բնականաբար, ակտիվություն ունենք այդ ուղղությամբ: Ուղղակի աշխատանքները դեռևս նախանշվում են»:

Միջազգային հանրության և Իրանի միջև անցած հուլիսին ձեռք բերված պատմական համաձայնությունից ընդամենը մեկ ամիս անց հայտարարվեց Հայաստանն ու Իրանը կապող մոտ 120 միլիոն դոլար արժողությամբ երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարության վերսկսման մասին:

Հոկտեմբերին Երևանում էր Իրանի փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին, իսկ մեկ շաբաթ առաջ նույն Ջահանգիրին Թեհրանում հյուրընկալեց Հայաստանի կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին: Համաձայն պաշտոնական հաղորդագրության, երկկողմ բանակցությունների օրակարգում են հայ-իրանական երկաթգծի կառուցման և Հայաստանի տարածքով իրանական ապրանքները Սև ծով հասցնելու հարցերը:

«Պատժամիջոցներին հաջորդած ժամանակաշրջանը ճանապարհ է հարթում տնտեսական համագործակցության ընդլայնման համար, չպետք է ջանք խնայենք՝ կապելու Պարսից ծոցը Սև ծովին», - Հայաստանի ու Իրանի նախագահների օրերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում ասել է Հասան Ռոհանին:

Երևանում գրասենյակ ունեցող միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչները ևս դրական սպասումներ ունեն հայ-իրանական տնտեսական գործակցության խորացումից: Այսօր «Ազատության» հետ զրույցում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը նշեց․ - «Յուրաքանչյուր բան, որը կարող է նպաստել Հայաստանի առևտրային կապերի բազմազանեցմանը, ինչպես Իրանի դեպքում է, դրական ազդեցություն կունենա հայաստանյան տնտեսության վրա: Թե քանակական ինչ արդյունքների դա կհանգեցնի, դեռ վաղ է ասել, որովհետև չգիտենք՝ իրանական տնտեսությունում ինչ զարգացումներ տեղի կունենան: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ սա հնարավորություն է բացում Հայաստանի համար»:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, տասը տարվա ընթացքում՝ 2004-2014 թվականներին, հայ-իրանական առևտուրը գրեթե եռապատկվել է՝ 100.7 միլիոն դոլարից հասնելով 291․1 միլիոնի:

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը առանձնացրեց էներգետիկ ոլորտը․ - «Իրանը ի վերջո մնում է էներգետիկ ռեսուրսներով հարուստ երկիր, աշխարհին նախևառաջ ներկայանում է նաև այդ ռեսուրսներով: Եվ բնական է, որ Իրանը իր համար արդեն պիտի տեղ բացի համաշխարհային շուկայում՝ ունենալով նաև հիմնական գլոբալ խաղացողների՝ Եվրամիության և ԱՄՆ-ի աջակցությունը»:

XS
SM
MD
LG