Եվրամիությունը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուտափույթ ու խաղաղ կարգավորմամբ և ցանկանում է իր հնարավորությունների սահմաններում նպաստել հիմնախնդրի լուծմանը՝ աջակցելով այդ հարցով զբաղվող ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին, որը միակ համաձայնեցված և ընդունելի ձևաչափն է: Այդ մասին ասել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը այսօր նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։
Հայաստանի նախագահը կարևորել է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում Եվրամիության հավասարակշռված դիրքորոշման պահպանումը և խնդրի համապարփակ կարգավորման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու հանձնառության իրականացումը:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են Մինսկի խմբի շրջանակում ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, առկա իրավիճակին և գործընթացում առաջընթաց արձանագրելու հնարավորություններին: Սերժ Սարգսյանը ներկայացրել է հայկական կողմի մոտեցումները: Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը ԵՄ հնարավոր աջակցության ուղիների վերաբերյալ:
Հանդիպմանը ևս մեկ անգամ երկուստեք ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ռազմական լուծում չունի, և այն կարող է կարգավորվել միայն հակամարտող կողմերի շահերը բավարարող և կողմերի համար ընդունելի փոխզիջումների հիման վրա:
Սերժ Սարգսյանը նաև շնորհավորել է Հերբերտ Զալբերին մանդատի երկարաձգման կապակցությամբ ու հույս հայտնել, որ նա կանի հնարավորը տարածաշրջանում հակամարտող կողմերի միջև վստահության հաստատման համար, ինչը կնպաստի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին: