Մատչելիության հղումներ

logo-print

Սերգո Կարապետյանն ընդունել է ԶՖԳ պատվիրակությանը


Սերգո Կարապետյան, արխիվ

Սերգո Կարապետյան, արխիվ

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) պատվիրակությանը։

Գյուղատնտեսության նախարարության փոխանցմամբ՝ պատվիրակության կազմում էին Ասիայի վարչության փոխտնօրեն Ժան-Կլոդ Պիրը, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տարածաշրջանային համակարգողներ Ալեքսանդրա Վասիլիադը և Գաել Ասայազը, Կովկասի հարցերով բաժնի միջազգային կամավոր Անտուան Լյուրին:

«Գյուղատնտեսությունը մեր երկրում գերակա ուղղություն է, վերջին տարիներին դինամիկ զարգացում է ապահովում, և սա այն ոլորտն է, որտեղ կատարված ներդրումները միանշանակ արդարացված են: 2015 թվականի տվյալներով, մենք արձանագրել ենք 11.7 տոկոս աճ ոլորտում, և նոր ծրագրերի, ֆինանսական օժանդակության միջոցով հնարավորություն ունենք զգալիորեն ավելացնել ծավալները»,- ասել է Կարապետյանը:

Այս համատեքստում կողմերը կարևորել են Վեդու ջրամբարի կառուցման և ոռոգման համակարգի վերազինման ծրագիրը, որի վերաբերյալ ֆինանսավորման պայմանագիրը ստորագրվել է նախօրեին: Ծրագրի շրջանակում նախարարը կարևորել է արդյունավետ ջրօգտագործման հարցը` հատկապես կաթիլային ոռոգման համակարգերի կիրառումը:

Ժան-Կլոդ Պիրը պատրաստակամություն է հայտնել քննարկել գյուղատնտեսության ոլորտում նոր ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները:

Կարապետյանը նշել է, որ Հայաստանում նոր թափ է ստանում գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացումը, որի համար հիմք է ընդունվել ֆրանսիական մոդելը:

Որպես հետագա համագործակցության հնարավոր ուղղություն` նախարարը նշել է ցուցադրական համատեղ կոոպերատիվ գործարանի կառուցումը, որը կզբաղվի ֆրանսիական պանիրների արտադրությամբ, կարկտապաշտպան ցանցերի և ցրտահարությունների դեմ պայքարի նոր միջոցների կիրառումը, մատչելի պայմաններով գյուղտեխնիկայի, մասնավորապես կոմբայնների տրամադրումը, գինեգործական կոոպերատիվի հիմնումը և այլն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG