Մատչելիության հղումներ

logo-print

«Հակափաստարկներ մենք ունենք, և դրանք պետք է հնչեցվեին», - ասում է Ալեքսանդր Մանասյանը։

Քաղաքական հետազոտությունների ակադեմիայի ղեկավար Ալեքսանդր Մանասյանի համոզմամբ՝ Հայաստանը կարող էր կանխել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) բոսնիացի պատվիրակ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերտառությամբ զեկույցի ընդունումը։

«Իհարկե կարելի էր կանխել, հազար ձևով կարելի էր կանխել։ Ենթադրենք՝ Լեռնային Ղարաբաղում արդեն ժամանակին գերազատություններ են տրվել դեռևս խորհրդային տարիներին սկսած Ադրբեջանի հիդրոտեռորի քաղաքականությանը, ջրային տեռորի քաղաքականությանը ընդդեմ Լեռնային Ղարաբաղի։ Դա եղել է խորհրդային տարիներին, այսօր էլ դա կա. բազմաթիվ հողատարածքներ, որոնք Ադրբեջանից պետք է ջուր ստանան, չեն ստանում, հենց Լեռնային Ղարաբաղի հյուսիսային հատվածներում։ Այնպես որ, հակափաստարկներ մենք ունենք, և դրանք պետք է հնչեցվեին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մանասյանը։

Հարցին, թե ինչո՞ւ չեն ներկայացվում այդ հակափաստարկները, ինչո՞ւ չի կատարվում այդ աշխատանքը, քաղաքագետը պատասխանեց. - «Ես կարծում եմ՝ մենք խնդիրը լավ չգիտենք, մեր փորձագիտական համայնքի և այն մարդկանց միջև, ովքեր այդ խնդրով զբաղվում են Եվրոպական կառույցներում, կապ չկա»։

Միլիցա Մարկովիչի զեկույցը ընդունվեց ձայների 98 կողմ, 71 դեմ հարաբերակցությամբ։ Զեկույցում ասվում է, որ հայկական կողմը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում գտնվող Սարսանգի ջրամբարը որպես զենք է օգտագործում, սպառնում է ադրբեջանցիներին և զրկում նրանց գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունից: Փաստաթուղթը կոչ է անում դուրս բերել հայկական զորքը Ղարաբաղից։

Ալեքսանդր Մանասյանը վստահ է՝ այս փաստաթուղթը իրավական հետևանքներ չի ունենա. - «Անկասկած դա իրավական հետևանքներ չի ունենա, որովհետև փաստաթուղթն իրավական բնույթ չունի, բանակցային գործընթացի վրա էլ չպետք է ազդի, ինչո՞ւ՝ որովհետև բանակցային գործընթացը գտնվում է այնպիսի հզոր ձեռքերում, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ռուսաստանը։ Այո, համանախագահող երկրները և Մինսկի խումբը, ոչ միայն եվրոպական այդ պետությունները, որոնք այսօր այդ հարցը քննարկել են, ուրիշ եվրոպական պետություններ, որոնք բնավ, հատկապես իմ թվարկած երեք պետությունները, իրենց ձեռքից չեն տա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը եվրոպական այդ կառույցին, բնա՛վ չեն տա»։

Դիտարկմանը, թե այդուամենայնիվ թղթերը կուտակվում են՝ ՄԱԿ-ի բանաձևերը կան, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձևերը կան, քաղաքագետն այսպես արձագանքեց. - «Մենք այդտեղ մոտենում ենք հարցերի հարցին. եթե դա քարոզչական նշանակություն ունի, իսկ մենք քարոզչական ավելի հզոր փաստարկներ ունենք, դա նշանակում է, որ մենք չենք աշխատում ուղղակի, մենք ունենք անկասելի փաստարկներ, միայն թե այդ փաստարկները պետք է մշակվեն գիտական լաբորատորիաներում, ոչ թե հանպատրաստից ինչ-որ հարցերի մեջ խրված մարդիկ էստեղից վեր կենան գնան, այլ դա խումբ պետք է աշխատի դրա վրա»։

XS
SM
MD
LG