Մատչելիության հղումներ

Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստ Բաղդադում


Իրաքի նախագահ Ֆուադ Մասում, արխիվ
Իրաքի նախագահ Ֆուադ Մասում, արխիվ

Երեկ Բաղդադում մեկնարկել է հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը, որը համանախագահում են Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ու Իրաքի գյուղատնտեսության նախարար Ֆալահ Զեյդանը։

Հայկական պատվիրակության կազմում են արտաքին գործերի, էներգետիկայի, առողջապահության, էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներ։

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպումների օրակարգում ընդգրկված են տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության հարցեր։

Նիստի ընթացքում կողմերը հատուկ ընդգծել են վերջին տարիներին Հայաստանի և Իրաքի միջև բազմաթիվ բնագավառներում և հատկապես առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ակտիվությունը և ապրանքաշրջանառության նկատելի աճը։ Աշխատանքային խմբերը քննարկել են համագործակցության խորացման և նոր ուղիների որոնման հարցեր։

Այցի շրջանակում Երիցյանը հանդիպում է ունեցել Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի հետ և նրան փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները Իրաքի եղբայրական ժողովրդին։ Նախարարը նշել է, որ Հայաստանի և Իրաքի ժողովուրդներն ունեն բազմաթիվ պատմական ընդհանրություններ, դարեր շարունակ կողք կողքի են ապրել միևնույն միջավայրում, և Հայաստանի իշխանությունները հանձնառու են ամենայն կերպ ամրապնդել բարեկամությունը և նպաստել երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը։

Ընդգծվել է երկու երկրների միջև օդային ուղիղ կապ ունենալու և դրան զուգահեռ նաև ցամաքային հաղորդակցության ուղիները զարգացնելու կարևորությունը, ինչպես նաև գործարար շփումներն ընդլայնելու անհրաժեշտությունը։

Իրաքի նախագահը, իր հերթին, ողջույններ ու բարեմաղթանքներ է փոխանցել Հայաստանի նախագահին և հայ ժողովրդին։ Նրա կողմից հատուկ ընդգծվել է հայության ներկայությունը Իրաքում և մասնակցությունն ու ունեցած նպաստը երկրի զարգացման գործում։ Մասումը նշել է, որ հայության ներկայությունը Իրաքում ունի հարյուրամյակների պատմություն, երկրի բազմաթիվ բնակավայրերում կարելի է գտնել հայկական հետք, իսկ համայնքին հուզող արդի հարցերը մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում։

Արմեն Երիցյանը հատուկ շնորհակալություն է հայտնել իրաքյան իշխանությունների կողմից հայ համայնքին ցուցաբերված աջակցության համար։

Հանձնաժողովի աշխատանքները կշարունակվեն նաև այսօր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG