Մատչելիության հղումներ

Ամալյանը չի հստակեցնում, թե երբ կավարտվի անցումը թվային հեռարձակման


«Հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հավաստիացրեց, թե անալոգային հեռարձակումը կանջատվի այն ժամանակ, երբ ծրագրում ընդգրկված բոլոր անապահով ընտանիքներին տրամադրված կլինի ապակոդավորող կցորդ սարք:

Նա սակայն չի հստակեցնում, թե արդեն մի քանի անգամ երկարաձգված գործընթացը երբ կհասնի ավարտին, թեև ընդունում է, որ օրենք է խախտվել․ - «Հիմա օրենքի խախտմամբ, թե ոչ խախտմամբ, այդուհանդերձ, երկիրը ուներ քաղաքական այնքան ողջամտություն և կամք, որ քաղաքացիների սահմանադրական իրավունքը ավելի բարձր գնահատեց օրենքով սահմանված ինչ-որ ժամկետից։ Այն պահից, երբ մենք կստանանք սարքերը քաղաքացիներին բաժանող կազմակերպություններից տեղեկանքներ, որ բաժանման գործընթացը ինչ-որ մարզում լիովին ավարտված է, մենք կտեղեկացնենք, ԶԼՄ-ներով, կտանք ենթադրենք ևս 10 օր ժամանակ, որ քաղաքացիները անջատման մասին տեղեկացված լինեն»։

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը դեռ նոյեմբերին հայտարարել էր, որ շուրջ 100 հազար անապահով ընտանիքներ 25-80 դոլար արժողությամբ սարքերն անվճար են ստանալու։ Սակայն մեկ ամիս անց կառավարությունը որոշում ընդունեց, ըստ որի այս թիվը երկու անգամ կրճատվեց։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ կառավարությունն այս հարցում անկազմակերպ մոտեցում դրսևորեց․ - «Երբ իմացանք, որ 48 հազար ապակոդավորող սարքեր են ներկրելու, մենք հարցրեցինք հետագա պլանները ինչպիսին պետք է լինեն: Եվ դեռ անցած տարվա աշնանը մեզ ասում էին, որ դա ընդամենը առաջին խմբաքանակն է: Այսինքն ենթադրվում էր, որ կլինի երկրորդ և երրորդ խմբաքանակ, դրանով ամբողջ պահանջարկը կբավարարվի: Բայց կամաց-կամաց մենք նկատում ենք, որ լղոզված պատասխաններ են լինում, կամաց-կամաց մենք նկատում ենք, որ իշխանությունները կարծես ուզում են, որ հենց այդ 48 հազարով էլ սահմանափակվել»։

Հիմնականում չինական արտադրության սարքերը կարելի է գտնել տոնավաճառներում ու տեխնիկայի խանութներում։ Ամենաէժանն արժե 7500 դրամ։ Վաճառողները «Ազատության» հետ զրույցում նշում էին, որ ամանորից հետո գնորդները պակասել են։

Նրանց գրավելու համար կրպակներից մեկում նույնիսկ ակցիա էր գործում՝ 10-30 տոկոս զեղչ։

Անապահովության նպաստ ստացող, բայց համապատասխան միավորներ չունեցող ընտանիքները, որոնք չունեն այս սարքերը անվճար ստանալու հնարավորություն, ստիպված են իրենց համեստ միջոցներից գումար տրամադրել:

Հանրակացարանի մի սենյակում վարձով բնակվող Թովմասյանները կցորդ սարքն ստիպված են եղել գնել սեփական միջոցներով․ - «Չէինք ուզում ճիշտն ասած գնեինք, հետո մի կերպ գումար հետ քցելով գնել ենք, էլի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG