Մատչելիության հղումներ

2015-ին կրճատվել է և՛ ներքին, և՛ արտաքին առևտրաշրջանառությունը


Ազգային վիճակագրական ծառայութան (ԱՎԾ) վերջին տվյալներով, 2015-ին Հայաստանում ներքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 8 տոկոսով, արտաքին առևտրաշրջանառությունը՝ ավելի քան 20 տոկոսով, ներմուծումը կրճատվել է համարյա 1 միլիարդ դոլարով:

«Ներմուծման ծավալների անկումը, ինչպես նաև ներքին մեր առևտրաշրջանառության անկումը անուղղակիորեն խոսում են բնակչության գնողունակության անկման մասին», - «Ազատության» հետ զրույցում ասաց տնտեսագետ Բաբկետ Թունյանը:

Պաշտոնական վիճակագրության համաձայն, այնուամենայնիվ, աշխատավարձերը անցյալ տարի 1.9 տկոսով բարձրացել են: Բայց Թունյանի կարծիքով, այս չնչին բարձացումը գործազրկության բարձր ցուցանիշ ունեցող Հայաստանի բարեկեցության վրա համարյա չի ազդել. - «Մեզ մոտ բնակչության մի ստվար հատված ապրում է ոչ թե աշխատավարձով, այլ այլ աղբյուրներից ստացած եկամուտներով՝ օրինակ, դրսից եկած տրանսֆերտներով: Այնպես որ, բնակչության գնողունակության մասին խոսելիս, թեկուզ այս տվյալները հիմք վերցնելով, դա չի կարելի ամբողջ բնակչության վրա տարածել»:

2015-ին կրճատվել են նաև Հայաստանի տնտեսության հաար խիստ կարևոր արտաքին տրանսֆերտները․ միայն տարվա առաջին կեսին դրանք նվազել են մոտ 280 միլիոն դոլարով։

Գործարար Սամսոն Գրիգորյանը ևս պնդում է, որ գոնե իր հաճախորդները 2015-ին շատ ավելի քիչ գումար են ծախսել․ - «2015 թվականից սկսած, ամիս առ ամիս մենք զգացել ենք առևտրի անկում, շրջանառության անկում: Հիմա՝ 2016-ը ինչ սկսվել է, ընդհանրապես ահավոր վիճակ է: Ես միայն իմ մասին չեմ խոսում․․․ Ընդհանրապես առևտուրը ահավոր ընկած է: Ուրեմն մարդկանց ձեռքին գումար չկա, գնողունակությունն ընկած է»:

Նրա խոսքով՝ առևտրի ոլորտում աշխատողները վիճակագիրներից ու տնտեսագետներից շուտ են նկատում գնողունակության անկումը․ անգամ չեն կարողանում տաղավարների վարձը տալ․ - «Բոլորը գործարարները, որոնց ես ճանաչում են, վարկով են տվել տեղի վարձը»:

«2015-ը ոչ միայն փոքր, այլև մեծ բիզնեսի համար էր ցնցումների տարի», - ասում է գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։ Արտադրության, արտահանման մեծ կրճատումներ են արել, նրա խոսքով, ալկոհոլային խմիչքներ, պահածոներ ու հյութեր արտադրողները․ - «Արտահանման ծավալների կրճատումը եղել է ըստ հիմնարկի չափերի՝ մինչև 25-30 տոկոս: Պահածոների մոտ միջին հաշվով 10-15 տոկոսից պակաս չի եղել»:

Վիճակագրական ծառայության համաձայն, արտհանումը 2015-ին կրճատվել է 4 տոկոսով։ Տնտեսության այս վիճակը, ըստ Մակարյանի, անդրադարձել է նաև աշխատաշուկայի վրա: Որպես օրինակ Մակարյանը բերեց աշխատանքի դադարեցումը Բյուրեղավանի և Սարանիստի ապակե տարաների գործարաններում:

2015-ին, ըստ նույն պաշտոնական վիճակագրության, տնտեսության որոշ ոլորտներում աճ եղել է․ ծառայությունների ոլորտում՝ ավելի քան 2, շինարարության ոլորտում 0.3, իսկ գյուղատնտեսությունում միանգամից՝ 11.7 տոկոս:

Այդուհանդերձ տարվա ընթացքում հարյուրավոր գյուղացին դժգոհում էին, թե այդ աճի արդյունքում իրենց եկամուտներն այդպես էլ չավելացան, իսկ բերքը մնաց այգիներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG