Մատչելիության հղումներ

Միջազգային շուկայում նավթի գնի անկումը ստիպեց Ադրբեջանի իշխանություններին վերանայել ընթացիկ տարվա պետական բյուջեի ծախսային մասը: Այս մասին ANS հեռուստաընկերության եթերում հայտարարեց Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը` կոչ անելով, սակայն, իրադրությունը խիստ դրամատիկ լույսի ներքո չներկայացնել:

«Պետական բյուջեի մասին օրենքում լրացումներն արդեն իսկ արվել են, և դրանք շուտով վերջնականապես կհաստատվեն: Այդ քայլին մենք դիմում ենք նախագահ Ալիևի հանձնարարությամբ` ապահովել աշխատավարձերի բարձրացման, կենսաթոշակների և սոցիալական նպաստների մեծացման ֆինանսական հիմքը: Այդ բոլոր նպատակներին հասնելու համար բյուջեում գումար առկա է», - հավաստիացնում էր Ադրբեջանի ֆինանսների նախարարը:

Չնայած այս լավատեսական պնդումներին, սակայն, Ադրբեջանի իշխանությունները նավթի գնի գրեթե քառապատիկ անկման ֆոնին ստիպված են, մի կողմից, մտածել ծախսերի օպտիմալացման, մյուս կողմից՝ պետական բյուջեն համալրելու նոր ուղիներ գտնելու մասին:

Որպես բյուջեի համալրման հիմնական միջոց պաշտոնական Բաքուն առայժմ դիտարկում է պետական ձեռնարկությունների մասնավորեցումն ու էներգակիրների նոր չափաբաժնի արտահանումը միջազգային շուկա: Դա պարզ դարձավ երեկ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթից, որ նա հնչեցրեց կառավարության անդամների և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

«2016 թվականը Ադրբեջանի համար պետք է դառնա խորը տնտեսական բարեփոխումների տարի: Ադրբեջանում լայնածավալ սեփականաշնորհում կիրականացվի: Այս տարի նաև հավելյալ քայլեր կիրագործվեն, որոնք հնարավորություն կտան կյանքի կոչել «Հարավային գազային միջանցք» ծրագիրը: Այդ ծրագրի իրագործումը տասնամյակների ընթացքում կապահովի Ադրբեջանի տնտեսական շահն ու արտարժույթի հոսքը», - հայտարարում էր Ալիևը:

Դա, սակայն, Իլհամ Ալիևի խոսքով, ծախսների օպտիմալացման միակ ձևը չի լինի: Ադրբեջանում գործող բոլոր պետական հիմնարկություններն այսուհետ պետք է գրասենյակների կահավորման համար բացառապես տեղական արտադրության կահույք ձեռք բերեն: Իր այս հանձնարարության կատարման ընթացքին, ըստ Ադրբեջանի նախագահի, պետք է հետևի ֆինանսների նախարարությունը:

XS
SM
MD
LG