Մատչելիության հղումներ

logo-print

ԵԽԽՎ-ի նախագահը քաղբանտարկյալ է համարել Նադեժդա Սավչենկոյին և Գիգի Ուգուլավային


ԵԽԽՎ-ի նորընտիր նախագահ Պեդրո Ագրամունտ

ԵԽԽՎ-ի նորընտիր նախագահ Պեդրո Ագրամունտ

Պեդրո Ագրամունտը իր ելույթում Եվրոպայի համար չորս հիմնական մարտահրավերներ է առանձնացրել:

Պեդրո Ագրամունտը, ստանձնելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահի պաշտոնը, հունվարի 25-ին ելույթ է ունեցել, որում ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին և Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային համարել է քաղբանտարկյալներ:

Նախագահի պաշտոնում իր խնդիրներից մեկը նա համարել է «հասնել այնպիսի մարդկանց ազատ արձակելուն, ինչպիսին է ուկրաինացի Նադեժդա Սավչենկոն և ուրիշ քաղբանտարկյալներ, ներառյալ Գիգի Ուգուլավան»։

«Նրանց ազատության պաշտպանությունը, նրանց խոսքի, տեղաշարժվելու ազատությունների պաշտպանությունը պետք է առաջնահերթ լինի»,- ասել է Ագրամունտը։

Հիշեցնենք, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի թիմակից Ուգուլավան անցյալ տարի դատապարտվել է 4.5 տարվա ազատազրկման պետական միջոցները մսխելու մեղադրանքով: Ուգուլավան և նրա թիմակիցները այս մեղադրանքն ու դատավճիռը համարում են քաղաքական: Իսկ ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն 2014 թվականից բանտարկված է Ռուսաստանում: Նրա դատավարությունը ընթացքի մեջ է: 2014-ին Սավչենկոն ընտրվել է Գերագույն ռադայի պատգամավոր:

Պեդրո Ագրամունտը իր ելույթում Եվրոպայի համար չորս հիմնական մարտահրավերներ է առանձնացրել: Առաջինը՝ միջազգային ահաբեկչությունը: Նա ասել է, որ միջազգային ահաբեկչությունը ֆունդամենտալ, բազմակողմանի վտանգ է, որին հաղթելու համար պետք է մահմեդական համայնքներին ընդունեն որպես իրենց ամենաուժեղ դաշնակիցներից մեկը, այլ ոչ թե վերաբերվեն կասկածամտությամբ ու ատելությամբ:

«Մենք չպետք է մոռանանք, որ աշխարհում ահաբեկչության զոհերի մեծ մասը նույնպես մահմեդականներ են»,- նշել է ԵԽԽՎ-ի նորընտիր նախագահը:

Երկրորդ մարտահրավերը, ըստ Ագրամունտի, միգրանտներն են:

«Փախստականների հետ կապված ճգնաժամը, մեծ վիճաբանություն է առաջացրել եվրոպական ինքնության և արժեքների շուրջ»,- ասել է նա՝ հավելելով, որ նոր համայնքներին եվրոպական հանրությունում ինտեգրելու դժվարությունները հանգեցրել են քաղաքական արմատականության, ինչը խաղում է ազգայնական կուսակցությունների և Եվրոպայի մասնատման օգտին:

Երրորդ մարտահրավերը Ագրամունտը համարել է Եվրոպայում չկարգավորված հակամարտությունները։ Նա նախ ասել է, որ իրավիճակը Ուկրաինայում մնում է շատ փխրուն, հակամարտությունն արդեն ավելի քան 9000 մարդու կյանք է խլել, ռուսամետ անջատականները դեռ վերահսկում են երկրի մի մասը, իսկ խաղաղությունը կայուն չէ: ԵԽԽՎ-ի նախագահն ասել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությանը պետք է վերջ դրվի, «և որպես եվրոպացիների՝ մեր պատասխանատվությունն է լուծել դա»։ Ագրամունտը շեշտել է Ռուսաստանի «ծայրահեղ կարևոր դերակատարությունը այդ գործընթացում»։

Ռուս-ուկրաինական հակամարտությունից բացի, նա նշել է, որ մինչև հիմա անվտանգության սպառնալիքներ և սառեցված հակամարտություններ գոյություն ունեն «Մոլդովայի Հանրապետության Մերձդնեստրի, Վրաստանի Հարավային Օսիայի և Աբխազիայի, Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջաններում»: Ագրամունտը հայտարարել է, որ այդ հակամարտությունները Եվրոպայի անվտանգության համար սպառնալիքներ են՝ հավելելով, թե «մեր կողմից պետք է շարունակենք քննարկումները»: Ագրամունտը նաև նշել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև վերջին ճգնաժամը ևս մտահոգություններ է առաջացնում:

Նկարագրելով չորրորդ մարտահրավերը՝ Ագրամունտն ասել է.- «Պոպուլիզմի ալիքը, ազգայնականության աճը, որոշ վայրերում ժողովրդավարության և մարդու իրավունքների էրոզիան ազդեցություն են թողնում մեր համախմբվածության և համատեղ գործելու մեր ունակությունների վրա»:

Ամփոփելով՝ նա նշել է, որ այս չորս խնդիրները փոխկապակցված են, մեկը մյուսի վրա ազդեցություն է թողնում, և պետք է հաղթահարել դրանք, այլապես Եվրոպան կարող է կորցնել իր միասնականությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG