Մատչելիության հղումներ

BBC-ն Պուտինի «գաղտնի հարստության» մասին վավերագրական ֆիլմ է նկարահանել


Կադր «Պուտինի գաղտնի հարստությունը» BBC-ի ֆիլմից

Կադր «Պուտինի գաղտնի հարստությունը» BBC-ի ֆիլմից

BBC-ի վավերագրական ֆիլմում կա պնդում, որ Ռուսաստանի առաջնորդի կարողությունը հասնում է 40 միլիարդ դոլարի։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոռումպացված է և հետևողականորեն թաքցնում է իր իրական կարողությունները»,- առաջին անգամ Միացյալ Նահանգների ներկայացուցիչը՝ ֆինանսների փոխնախարար Ադամ Շուբինն այս պնդումը ներկայացրել է BBC-ի «Պանորամա» հաղորդման ժամանակ հեռարձակված «Պուտինի գաղտնի հարստությունը» վավերագրական ֆիլմում:

«Վլադիմիր Պուտինը կոռոմպացվա՞ծ է»,- բրիտանացի լրագրող Ռիչարդ Բիլթոնի հարցին Ադամ Շուբինը պատասխանել է.- «Մեր կարծիքով՝ այո»:

ԱՄՆ ֆինանսների փոխնախարարը պնդել է, որ Պուտինի տարեկան 110 հազար դոլարի եկամուտը չի արտահայտում նրա իրական կարողությունը:

«Նա իր ազդեցությունն ու իշխանությունը ծառայեցնում է սեփական հարստության կուտակման, մերձավոր շրջապատի կարողությունների ավելացման, իսկ ընդդիմախոսներին՝ մեկուսացնելու համար»,- ասել է Ադամ Շուբինը և պնդել, որ Պուտինն ու նրա մերձավորները ներքաշված են անօրինական կոռուպցիոն սխեմաների մեջ, առավելապես էներգետիկ և այլ ոլորտներում, որոնք ապահովում են մեծ հարստություն։

Ռուսաստանցի քաղաքագետ և հրապարակախոս Ստանիսլավ Բելկովսկին ֆիլմում ներկայացնում է պնդում, որ Պուտինի կարողությունը 40 միլիարդ դոլար է: Բելկովսկին համոզմունք է հայտնել, որ Պուտինը Եվրոպայի ամենահարուստ մարդն է։

Ֆիլմում կա նաև համեմատություն Պուտինի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգների կենսակերպի միջև:

Բրիտանացի լրագրողը Էստոնիայում հանդիպել է Կրեմլի պահանջած խոշոր գումարները չվճարելուց հետո երկրից հեռացած գործարար Սերգեյ Կոլեսնիկովի հետ: Նա պնդել է, որ իր՝ ավելի վաղ վճարած գումարները նպաստել են ոչ թե առողջապահության համակարգի կատարելագործմանը կամ ներդրումային ծրագրերին զարկ տալուն, այլ՝ Սև ծովի ափին Պուտինի հսկայական առանձնատան կառուցմանը:

Դրա կառուցման ժամանակ օգտագործված փաստաթղթերն օֆշորային գործարքների միջոցով են, փաստերը վկայակոչելով պնդում է բրիտանացի լրագրողը, հրապարակում նաև ձայնագրություններ, փաստաթղթեր, որոնք հերքում են Պուտինի պնդումները, թե ինքը կապ չունի այն ամենի հետ։

Փողի նկատմամբ Վլադիմիր Պուտինի վերաբերմունքի և պաշտոնից ապահով հեռանալու մասին է վկայել նրա երբեմնի մտերիմներից Սերգեյ Պուգաչովը: Նա նախկինում եղել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի անդամ:

Վլադիմիր Պուտինը հարուստ չի ծնվել, փաստում է բրիտանացի լրագրողը, որն այցելել է Սանկտ Պետերբուրգ՝ Պուտինի ծննդավայր: Ապա հակադրում է մանկության տարիներին Պուտինի բնակարանային անապահով պայմաններն ու Իսպանիայում նրա գնած առանձնատունը:

Ռուսաստանի նախագահը հրաժարվել է մասնակցել նկարահանմանը: Ֆիլմի հեղինակը մեջբերում է Պուտինի պնդումները, թե իր դեմ ներկայացված մեղադրանքները սուտ են: Այսօր նույնպես Կրեմլը հարկ է համարել ֆիլմը բնորոշել իբրև «անհիմն», «զրպարտություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG