Մատչելիության հղումներ

Ծննդկանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել բժշկուհի Շուշանիկ Բախշյանին


Բժշկական կենտրոնում ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին։

«Մանկաբարձ-գինեկոլոգ Շ. Բախշյանը 2015 թվականի փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել և վարել Մերի Մարգարյանի հղիությունը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ մասնագիտական պարտականությունների նկատմամբ դրսևորվել է անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք», - ասված է Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

«Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով՝ Շ. Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն և վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։ 2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար և տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: 2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական և մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող և հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաև՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետևանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի և գլխուղեղի այտուցից մահացել է նաև նրա նորածին դուստրը», - մանրամասնում է Քննչական կոմիտեն:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Բախշյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, որով 2-ից մինչև 6 տարվա ազատազրկում է նախատեսված «բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու» համար, «որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ»:

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը վարույթն իրականացնող մարմնին գրավոր տեղեկացրել է, որ Շուշանիկ Բախշյանն ունի ստացիոնար բուժման կարիք. նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի բրոնխոպնևմոնիա և գրիպ «Ա», որպիսի պայմաններում նրա շփումը արտաքին աշխարհի հետ ցանկալի չէ, ուստիև, Քննչական կոմիտեի փոխանցմամբ, նրա նկատմամբ որևէ խափանման միջոց չի ընտրվել։ Քննիչը որոշում է կայացրել Բախշյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին։

«Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG