Մատչելիության հղումներ

Գևորգ Սաֆարյանի ազատազրկումը «քաղաքական հաշվեհարդար է»


Քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը, արխիվ:

Քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը, արխիվ:

Իրավապաշտպաններն ու ընդդիմադիրներները քաղաքական հաշվեհարդար են որակում Գևորգ Սաֆարյանի ազատազրկումը:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը կռահում է, թե ինչու Գլխավոր դատախազը մերժեց Գևորգ Սաֆարյանի միջնորդությունը իրեն ազատ արձակելու մասին՝ հաշվի չառնելով անգամ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության պահանջը․ - «Սա այն դեպքն է, որտեղ Գևորգ Կոստանյանը ոչինչ չի կարող որոշել նույնիսկ հեղինակավոր միջազգային կազմակերպության հայտարարության դեպքում: Քաղբանտարկյալների բոլոր դեպքերը որոշվում են Բաղրամյան 26-ում, Սերժ Սարգսյանի իմացությամբ»:

Գևորգ Սաֆարյանի բողոքը մերժեց նաև Վերաքննիչ դատարանը, փաստաբանն այժմ պատրաստվում է միջնորդություն ներկայացնել՝ խափանման միջոցը գրավի դիմաց փոխելու համար:

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն») վստահ է՝ Գևորգն իշխանությունների թիրախում է․ - «Գևորգի կալանավորումը ապօրինի է, և հետագայում նրան ճնշումների ենթարկելը բանտախցում, այդ աննախադեպ բանտախցերի փոփոխությունը վկայում են այն մասին, որ, իհարկե, առկա է նրա թիրախավորումը»:

Ալեքսանյանն ու Փոստանջյանը հիշեցնում են՝ մեկ անգամ չէ, որ եվրոպական կառույցները քննադատում են Հայաստանի իշխանություններին՝ միայն ոստիկանական ցուցմունքների հիման վրա կայացված վճիռների համար:

Իշխող Հանրապետականը հակադարձում է, թե իրավապահներն իրենց գործն են անում: ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, բացառելով քաղաքական միջամտությունը, հորդորում է սպասել քննության ավարտին․ - «Կցանկանայի, որ ինչքան արագ և ինչքան շուտ պարզաբանվի այդ ամեն ինչը և կողմնորոշում լինի, դա ցանկալի կլինի: Ընդհանուր առմամբ՝ քաղաքական ճնշումներ, նման երևույթներ․ այդ տերմինալոգիային ես համաձայն չեմ»:

Գևորգ Սաֆարյանը իր կալանավորման հարցը մտադիր է նաև Եվրոպական դատարան հասցնել:

XS
SM
MD
LG