Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահը, սակայն խոստովանում է, որ կոմունիստական գաղափարախոսությունն իրեն դուր է գալիս։

Երկուշաբթի օրը Ստավրոպոլում անցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին աջակցող «Ազգային դաշտ»-ի հերթական հավաքը։

Շուրջ երեքուկես ժամ տևած հանդիպմանը Պուտինը մի շարք հայտարարություններ է արել Լենինի, Սովետական Միության, Դոնբասի, Սիրիայի, Թուրքիայի և տնտեսական ճգնաժամի մասին։

Ռուսաստանի նախագահը մասնավորապես ասել է, որ թեև 20 տարի եղել է Կոմունիստական կուսակցության անդամ, երբեք չի եղել կուսակցական ֆունկցիոներ: Սակայն, ի տարբերություն ուրիշների, իր կուսակցական տոմսը չի այրել, այն մինչ օրս պահարանի մեջ է։

Պուտինն անկեղծացել է, որ կոմունիստական գաղափարախոսությունն իրեն դուր է գալիս, համեմատել է այն Աստվածաշնչի հետ։ Սակայն հիշել է, որ Սովետական Միության պատմությունը սկսվել էր ցարի ընտանիքի գնդակահարությամբ։

Պուտինն անդրադարձել է նաև ազգային քաղաքականությանը, որի համաձայն՝ սուբյեկտները Սովետական Միության կազմի մեջ էին մտնում ինքնավարության սկզբունքով և այդ կազմից դուրս գալու իրավունք ունեին։

«Սրա մասին էի խոսում, երբ վերջերս ասել էի, որ Լենինը Սովետական Միության հիմքում ռումբ է տեղադրել, ինչն էլ, ի վերջո, բերել է պետության փլուզման», - ափսոսանքով երեկ հայտարարել է Ռուսաստանի նախագահը։ Որպես օրինակ նշելով Դոնբասը՝ Պուտինն ասել է, որ Դոնբասը մտցրել էին Ուկրաինայի կազմի մեջ՝ Ուկրաինայի պրոլետարիատի մասնաբաժինն ավելացնելու համար։ «Բա սա անհեթեթություն չէ՞», - հավելել է Ռուսաստանի նախագահը։

Անդրադառնալով վերջերս Լենինին ուղղված իր քննադատությանը՝ Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայի Կարմիր հրապարակից Լենինի դամբարանը հանելու հարցին պետք է շատ զգույշ մոտենալ, և նշել է, թե դեռևս վաղ է այս մասին խոսել։

Անդրադառնալով Սիրիային՝ նա ընդգծել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում խառնվել Սիրիայի ներքին գործերին։ Այս հայտարարությունը Ռուսաստանի նախագահն անում է այսօր, երբ մամուլը գրում է, որ վերջապես Ռուսաստանը համաձայնել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի պաշտոնանկության անհրաժեշտության մասին Միացյալ Նահանգների պահանջին։

«Մեր միակ խնդիրը Սիրիայում՝ օգնել այդ երկրի իշխանություններին ահաբեկիչների դեմ պայքարում, ոչնչացնել այդ երկրում ահաբեկիչներին», - ասել է Ռուսաստանի նախագահը։

Թուրքիայի մասին խոսելիս, Պուտինը հերթական անգամ Թուրքիայի գործողությունները ռազմական հանցագործություն է որակել։ «Մեր օդանավը խոցելիս, մեր օդաչուին սպանելիս Թուրքիան մեծ սխալ է գործել, և մեր արձագանքն այդ ռազմական հանցագործությանը բավականին զուսպ էր», - ասել է նա։

Ռուսաստանի նախագահը հավաքին նաև հայտարարել է, որ թուրքական շինարարական ընկերությունների հանդեպ պատժամիջոցները ընդլայնվելու են․ - «Թուրքական շինարարական ընկերությունների հետ նոր պայմանագրեր չեն կնքվի»։

Երեկ ևս Վլադիմիր Պուտինը ռուսական տնտեսության մասին խոսելիս լավատես էր։ «Տնտեսության ապագան զգուշավոր լավատեսություն է ներշնչում», - հայտարարել է նա՝ ընդգծելով. - «Ունենք բավական մեծ պահուստային ֆոնդ, պետական պարտքը մեծ չէ, ինչը թույլ է տալիս լավատեսությամբ նայել ապագային»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG