Մատչելիության հղումներ

Մեդվեդև․ Նավթի գինը լուրջ խնդիր է ստեղծում բյուջեի կատարման համար


Դոլարի և եվրոյի ճնշումը ռուսական ռուբլու վրա, քաղաքական ծաղրանկար։

Դոլարի և եվրոյի ճնշումը ռուսական ռուբլու վրա, քաղաքական ծաղրանկար։

Ռուսաստանի կառավարությունը սոցիալ-տնտեսական զարգացման փոփոխված ծրագիր կներկայացնի:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երկուշաբթի օրը հրավիրել է խորհրդակցություն, որի օրակարգում Դաշնության բյուջեի բալանսավորումն է։

«Բյուջեն կազմելիս մենք նավթի մեկ բարելի տարեկան միջին գին էինք սահմանել 50 դոլարը, գնի բացասական դինամիկան լուրջ խնդիրներ է ստեղծում բյուջեն կատարելու առումով, և մենք պարտավոր ենք նվազագույնի հասցնել ռիսկերը»,- ասել է Մեդվեդևը։

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, վարչապետը հայտարարել է, որ կառավարությունը կպատրաստի և քննարկման կներկայացնի Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման փոփոխված ծրագիրը։

«Դրանում պետք է նշվեն ճգնաժամի հաղթահարման և բնակիչների կենսամակարդակի բարելավման հստակ քայլերը»,- ասել է վարչապետը և կարգադրել. - «Մեկ շաբաթից այդ ծրագիրը պետք է դրվի սեղանիս»։

Երեկվա խորհրդակցության ընթացքում Մեդվեդևը նշել է, որ Ռուսաստանի կենտրոնական բանկը ունի իրավիճակին հետևելու և հարկ եղած դեպքում միջամտելու լծակներ։

«Կառավարությունն էլ ամեն օր հսկողության տակ է պահում այդ զարգացումները»,- ասել է Մեդվեդևն ու հավելել, որ ինքը պատրաստ է ձեռնարկվելիք միջոցները քննարկել Պետական դումայի խմբակցությունների հետ։

Ռուսաստանի վարչապետի փոխանցմամբ, պետությունը շարունակելու է առաջնահերթություն համարվող արդյունաբերական ճյուղերի ֆինանսավորումը։

"Банк России"-ն երեկ հրապարակել է զեկույց, որի համաձայն` 2015 թվականի ընթացքում ռուսաստանյան բանկերի մաքուր եկամուտը եռապատիկ նվազել և հասել է 192 միլիարդ ռուբլու։ 2014-ին եկամուտը 589 միլիարդ էր։

Բյուջեի պակասորդը Մոսկվային ստիպում է դիմել արտաքին փոխառությունների։ Այդ մասին հայտնել է ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը։

Նրա փոխանցմամբ, առաջին անգամ 2013 թվականից ի վեր Ռուսաստանը կթողարկի պետական եվրապարտատոմսեր։ Մոսկվան մտադիր է 235 միլիարդ ռուբլու արտաքին փոխառություն ներգրավել՝ դա հավասար է 3 միլիարդ դոլարի։

Նախորդ անգամ` 2013 թվականին Ռուսաստանը թողարկել է 6 միլիարդ դոլարի պետական արժեթղթեր, որոնք պետք է մարվեն 2019, 2023 և 2043 թվականներին։

Մինչդեռ, Financial Times-ի իր հեղինակային սյունակում Ռուսաստանից արտագաղթած հայտնի տնտեսագետ Սերգեյ Գուրիևը գրել է, որ եթե նավթի գինը մնա այսօրվա մակարդակին, ռուսական ռուբլին, ամենայն հավանականությամբ, կարժեզրկվի ևս 10-15 տոկոսով։

XS
SM
MD
LG